Նրա դժգոհ հոգին այլես չկարողացավ հանդուրժել այս կյանքին, կամ, ավելի ճշմարիտը՝ կյանքի այս եղանակին, ու մէջքըն արավ նրան, երեսը դեպի անապատ, այն մեծ դժգոհների նըման, որոնք անապատ են քաշվել իրենց հոգու հետ այնտեղ վայելելու այն ցանկալի խաղաղությունը, որ ստեղծագործող, ու բարի հոգիների հայրենիքն է, այնտեղ մտածելու կյանքի անառակության՝ ու մարդու փրկության վրա։
Այդ ճանապարհին էլ գտավ իր մահը։
Տրտմության օր է համայն Ռուսաստանի և ամբողջ լուսավոր մարդկության համար, տրտմության օր է ռուսական, այլև համաշխարհային գրականության համար, տրտմության օր է բոլոր նեղվածների ու ճնշվածների համար, որոնք իրենց նեղության մեջ սովոր էին լսելու նրա հուժկու ձայնը, տրտմության օր է բոլոր բարի սրտերի համար, որոնք գիտեին, որ դեռ կենդանի է Տոլստոյը…
Ընկավ մեծ գեղարվեստագետը, մեծ քարոզիչը ու մեծ դըժգոհը։
Երախտագետ սրտով ու խորին պատկառանքով խոնարհվում ենք մեծ մարդու հիշատակի առաջ։
ՇԻՐՎԱՆԶԱԴԵԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ
Հրապարակի վրա դրված է մեր նշանավոր վիպասան և դրամատուրգ Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյակի խնդիրը։ Թիֆլիսի հայոց Դրամատիքական Ընկերության վարչությունը, որ գործի նախաձեռնությունը առել էր իր վրա, ընդհանուր ժողով հրավիրեց, ուր և ընտրվեց հոբելյանական հանձնաժողով։ Այսպիսով առաջներս է գրական մի տոն1։
Այստեղ մենք խոսք չենք անելու Ծիրվանզադեի տաղանդի ու նրա գրական արժանիքի վրա, այլ միայն ուզում ենք վկայել, որ հայ ժողովուրդը եթե մարդիկ ունի, որոնց պետք է հարգի հոբելյանով, դրանցից մինը Շիրվանզադեն է։ Հոբելյանական տոներին ամեն մի ժողովուրդ՝ հանձին հոբելյարի, գալիս է հարգե–