Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գալով, ես «Հորիզոնում» տպած էդ իմ հոդվածը գրել եմ ամեննայն հետևողականությամբ ու անկեղծությամբ։ Բայց շարունակենք։

II

Շատ սառն ու օբյեկտիվ հարցրել եմ կյանքին ու պատմությանը, թե ինչո՞ւ էր տաճկական պետությունը կոտորում հայերին և ինչո՞ւ է կոտորում։ Ինչո՞ւ է Ռուսաստանը պաշտպանել հայերին և ինչո՞ւ պետք է պաշտպանի։

Չէ՞ մարդիկ կան, որ կարծում են, թե Աբդյուլ Համիդը կոտորում էր հայերին, որովհետև արյունռուշտ մի բռնակալ էր և սիրում էր կոտորել… Տաճկահայերն էլ մի երգ ունեն, ասում է՝ մկները քրդերի արտերը կերան, քրդերը որ տեսան մկներին չեն կարողանում հաղթել՝ ետ դառան հայերին կոտորեցինն..

Այո՛, աշխարհքին հայտնի մի պարզ ճշմարտություն է, որ Տաճկաստանում կոտորում են հայերին։ Բայց պետք է գտնել սրա ետևը թաքնված մյուս ճշմարտությունը– պատճառը, որը կարող է շատ բարդ լինել։

Ինչո՞ւ է Տաճկաստանը, Համիդյան թե Ժյոն թուրքական, բռնապետական թե սահմանադրական, հալածում ու կոտորում հայերին և թույլ տալիս կոտորելու նույնիսկ մկների ջգրու, ինչպես ասում է ժողովրդական երգը։

էս մի հարցին մի քանի պատասխան են տալի։ Ասում են՝ որովհետև հայերը քրիստոնյա են… որովհետև տնտեսական խնդիր կա… որովհետև հեղափոխականներ կան… որովհետև վրեժ կա.. որովհետև անկարգ կառավարություն է, խավար է․..

էդ ամեն որովհետևներն էլ կարող են լինել և կան, սակայն մի որովհետև կա, որ ինձ թվում է, թե ամենալուրջ պատճառն է հայկական կոտորածների։

Վերցրեք Թուրքիայի քարտեզն ու մտիկ արեք։ Դա մի նոր պետություն է, որ դրսից եկել է ու կոպիտ ուժով նստել հին կուլտուրական ազգերի ու նրանց հայրենիքների վրա։ էդ երկիրներից մինը թե. կա, որ նա համարում է ու դարձրել է իը հայրենիքը, ոչ Բալկանյան թերակղզին է, ոչ Աֆրիկայի հյուսիսը, այլ Անատոլիան, Փոքր Ասիան, էն երկիրը, ուր հայ ժողովուրդն էլ