Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/19

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բանաստեղծը յուր պարտիզի ծաղիկներից բաժանում է սիրուն հափրուկին (եթե րեզետան հափրուկ է, էլ ինչու չգրել հափրուկ) և զարդ ընտրում յուր սրտին անշուք (!): Հափրուկը զըրկված յուր վիճակից «վարդափթիթ ծաղկի ստվերով անուշ հոտ էլ չի տարածում» (?). երգիչը զղջում է, թե ինչի (ինչու) քաղեց (վերևն էլ ասում է բաժանեցի— ուրեմն պոկել է) յուր քնքույշ ծաղկին և սպասում է (մենք էլ հետը) չորանալուն։ Բայց, հանկարծ, ո՛վ հրաշք, ծաղիկը սենյակի մի լուռ անկյունում ուրախ, անհոգ սրտով դարձյալ ծաղկում է և բուրում՝ «անցածը իսպառ մոռնալով»։ Եվ սրան բանաստեղծը անվանում է «անգութ բախտին հնազանդվել»։ Ստիպված ենք հայտնելու պ. Մոճոռյանին, որ քաղած հափրուկը եթե յուր անգութ բախտին հնազանդվեր՝ պիտի չորանար, ոչ թե չորանալուց հետո դարձյալ ծաղկեր և բուրեր…

Երրորդ ոտանավորում պ. Մոճոռյանը պատմում է, որ «Լայն ու ազատ կամարում հուսո վերջին նշույլով մի փոքրիկ վարդագույն ամպ է տեսել սիպտակ թևերով, չար հողմերի ճանկերում դանդաղ լողալիս, որի սիրտը, սակայն, շտապում է…»։

Բնությունը շատ հրաշալի պատկերներ է ստեղծում, բայց բնությանը ծանոթ մարդը լայն ու ազատ կամարում այսպիսի հրաշք չի լինիլ տեսած։ Ամպը վարդի գույն է ընդունում արշալուսի կամ վերջալուսի շողերից, և բոլորովին կարմրում է կամ միայն եզերքն են կարմրում, բայց երբեք չի պատահիլ, որ ամպի մեջը կարմրեր, իսկ եզերքը սիպտակ մնային, այն էլ մի փոքրիկ ամպի։ Փոքրիկ ամպի «հուսո վերջին նշույլը» և «շտապող սիրտն» էլ բնության գաղտնիքներ են, որ Ոլիմպոսի այս սիրելիին են միայն ըմբռնելի։

Այսպես, կարգով կարելի էր գնալ մինչև այն ցանկալի, խորհըրդավոր բառը, որ կոչվում է «վերջ». բայց բանաստեղծը մեզ կանգնեցնում է յուր գերեզմանի վրա։ Երես 39 («Գերեզմանիս վերա», նվեր օր <իորդ> Հ. Մ.-ին)։ Այստեղ իմանում ենք, որ բանաստեղծը մեռած է եղել (և այս երազ չէ), օրիորդը նրա վրա վերջին անգամ մի բուռն սև հող է ձգել լալով, բայց նա յուր չորացած հափրուկի նման կրկին հարություն է առել։

16