Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էդ երևույթը անվանում են զզվելի թալան, կեղտոտ ուղի, ավերիչ ժանտախտ, գրական շանտաժ և այլն, և այլն, և այլն, և «Մշակի» ու «Հովիտի» էջերում հայոց բարեպաշտ ազգին հորդոր են կարդում առնել էս ազգային դժբախտության առաջը։ էս սրբազան ջհաթը մասնավորապես ուղղած էր ինձ վրա, իբրև նրա համար, որ ժող<ովրդական> նյութեր եմ առել Ս. Հայկունա ժողովածվից, ինչպես 1910 թվականի «Մշակի» մի քանի համարում¹ ցույց էր տալիս Ռ<ուբեն> Դրամբյանը, ու գրեթե բառացի հրատարակել եմ իմ անունով, առանց հիշելու, թե ժողովրդական է, ապա թե նրանից հետո Ս.Հ.-ն մեջտեղ եկավ «Հովիտի» էս տարվան №16-ում² և հայտարարեց, թե ես «Գառնիկ ախպեր» հեքիաթը թարգմանել եմ ռուսերենից ու տպել եմ իբրև ինքնուրույն գրվածք։ «Մշակն» էլ երկու անգամ իրար ետևից էս մասին ավետեց իր «հառաջադիմական» ընթերցողներին³։

Իր ժամանակին ես պատասխան եմ տվել Դբամբյանին, այժմ էլ «Հովիտի» Ս. Հ -ին պատասխանեցի «Հորիզոնի» № 95-ում, ցույց տվի, որ դա զուտ հայկական հեքիաթ է և առել եմ ահա էս ինչ ու էն ինչ վարիանտներից։ Իհարկե, «Մշակն» էս մասին լռեց, մինչև նոր հարմար դեպքը, իսկ Դրամբյանն ու Ս.Հ.֊ն նորից ասպարեզ եկան մինը «Հորիզոն» № 45-ում, մյասը «Հովիտի» № 22-ում և նորից պնդում են իրենցը, այժմ էլ ուրիշ ձևով, թեկուզ Հայկանուց չես օգտվել, թեկուզ ռուսերենից չես թարգմանել, բայց հո հայերենից ես առել, թեկուզ բառացի չի, բայց հո էլի էն նյութն է, նույն տիպերն են, նույն արտահայտություններն են, և թե ինչու վրեն չես գրում ժողովրդական։

Իբրև թե եթե գրեի ժողովրդական, ամեն բան կվերջանար նըրանց համար, դրամբյանիզմի համար, հայոց էս մամուլի համար։ Բայց, իհարկե, սուտ են ասում։ Եթե դրանով վերջանար, ես կասեի—ո՞վ«Մշակ», ո՛վ «Հովիտ»,ո՛վ Տեր–Եզնիկ, ո՜վ Քալանթար, ո՜վ Հ<ամբարձում> Առաքելյան, ո՜վ Դրամբյան, ո՛վ Ս․Հ., բաց արեք տեսեք 1905 թ. «Հասկերը» № 1, հենց առաջին երեսին մեծ– մեծ տառերով տպած է՝«Գառնիկ ախպեր» հայ ժողովըրդական հեքիաթ։

Էդպես էլ մյուսները։

ա