Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ստրուկներն իրենց ազատությունը, և էդ տարվա ամբողջ բերքն էլ հատկացրած էր աստծուն, որ հանել էր նրան եգիպտական գերությունից և պատվիրել էր. «Եւ արասջիք զամենայն իրաունս իմ և զամենայն դատաստանս իմ, և պահեսջիք Ա արասջիք զնոսա, և բնակեսջիք երկրին ձերում վստահութեամբ»։

 Ահա մենք էլ որոշել ենք հոբելյանական տարի։ Տոնում ենք մեր գրերի գյուտի ու տպագրության հոբելյանը։ Ամեն կողմից համազգային մի մեծ տոն։
 Այո՛, մեծ ու հրաշալի էր տեսարանը, երբ Իսրայելի Մովսեսն իջնում էր Սինայից ու բերում էր հետը աստուծո պատգամները, բայց նրանից ոչնչով պակաս վեհ ու վսեմ չէր, երբ հայոց Մեսրոպը ժամանակի լուսավորության հայրենիքից Հայաստան էր մտնում հայոց այբուբենը բերելով իր հետ։ Եվ իզուր չի ավանդությունը ասում, թե՝ աստվածային ձեռքը գրեց էդ այբուբենը, ու էդպեսով դրեց մեր գրի ու գրականության սկիզբը։ Նրանից հետո մենք ունեցանք սեփական ազգային դպրոց ու գրականություն, որ ճանապարհ է ցույց տվել մեր ազգին դեպի լավագույն ապագան, էն լուսեղեն սյունի նման, որ երբեմն Իսրայելի ժողովրդին ճանապարհ էր ցույց տալի օձերով լիքը անապատներում դեպի Ավետյաց երկիրը։
  Նույն ճանապարհն է ամեն մի ժողովրդի աոաջ, նույն օրենքն ու նույն ուժերը։
 Թող մեր 1500-ամյակի մեծ հոբելյանն էլ լինի մեր ազգային վերածնության սկզբի տոնը, թող սա լինի մի համազգային փողհարություն ի լուր աշխարհի, թե ապրում է հայ ժողովուրդը, և մենք էլ էս տարվան՝ ոչ թե ամբողջ բերքն ու աշխատանքը, գոնե նրա փոքրիկ մասը միամիտ սրտով նվիրենք Սահակին ու Մեսրոպին մեզ մոտ ուղարկող աստծուն, այսինքն նրան հաճելի գործերին— հայոց դպրոցին ու հայոց գրականությանը։
 Փույթ չի, թե փոքր կլինի մեզանից շատ շատերի տվածը։ Մեր ժողովուրդը մի շատ իմաստուն առած ունի, որ ասում է. «շատը ուժից, քիչը սրտից»։ Քիչը տալով ամեն մարդ իր սիրտը բերած կլինի մեջտեղ, և միայն սրտով է, որ գեղեցիկ ու մեծ գործեր են կատարվում։