Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

<ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ>

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։ Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։

Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Զպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

ԱՆԳԻՏԱԿԻՑ ԹՇՆԱՄԻՆԵՐ

Վրացական «Закавказская речь» թերթը նեղացել է1, թե ինչու Հայ Գրողների ընկերությունը դիմել է ուր հարկն է, որ Թիֆլիսի մեծ երգչի արձանի բացման առիթով Ալրի կամ Թուրքի մեյդան կոչված հրապարակը, որի կողքին թաղված է Սայաթ-Նովան, կոչվի Սայաթ-Նովայի հրապարակ։ Սրա մեջ նկատում է հայերի կողմից Թիֆլիսը զավթելու դիտավորություն և վատ կըրքեր է հուզում։

Նույն տեսակ աղմուկ է բարձրացրել ռուսական «Голос