Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՎԿԱՍՅԱՆ ԷՆՑԻԿԼՈՊԵԴԻԱՆ


Պարբերաբար խոսք է լինում հրապարակում, թե ոչ միայն ռուսները, այլև մենք, կովկասցիներս էլ մեր երկիրը չենք ճանաչում: Անծանոթ ենք նրա իրար կողքի ապրող ազգերի ու ցեղերի անցյալ պատմությանն ու ներկա կյանքին. անտեղյակ ենք նրա անբավ բնական հարստություններին ու գեղեցկություններին, նրա բուսական ու կենդանական աշխարհներին, և ոչ միայն անգետ ենք էս ամենին, այլև շուտով գիտենալու հույս ու միջոց էլ չունենք։ Եղած կովկասագիտական գրականությունն էլ միանգամայն անմատչելի է մի քիչ ավելի ընդարձակ շրջաններին և նույնիսկ սպասված է մեծ մասամբ ու հազվագյուտ։ Եվ, վերջապես, դեռ շատ բան էլ չի ուսումնասիրված կանոնավոր կերպով։


Եվ հենց էն ժամանակ, երբ զգում ենք էս մեծ պակասը, վրա է հասնում ռուս հայտնի գրական գործիչ Դ. Պ․ Ռուկավիշնիկովի միտքն ու առաջարկը մեզ, կովկասցիներիս — կազմել ու հրատարակել Կովկասյան էնցիկլոպեդիան։ Ու էսպեսով լուրջ ցանկություններից հետո կանգնում ենք լուրջ հոգսերի առջև. որովհետև ի՞նչ կնշանակի կազմել Կովկասյան էնցիկլոպեդիա։ Կնշանակի մոտ կես միլիոն ռուբլու ծախքի հոգացողության հետ միասին կազմակերպել ու կանոնավորել կովկասագիտական գիտությունները, կամ գրեթե ստեղծել Կովկասյան գիտությունների ակադեմիա։


Այո՛, շատ լուրջ և ամենագեղեցիկ գործերից մինը, ինչ որ հայ, ռուս, վրացի ու մահմեդական միասին կարող են կատարել Կովկասում։ Եվ իր գիտական-բարոյական մեծ արժեքի հետ միաժամանակ Կովկասյան Էնցիկլոպեդիան Կովկասի համար կբերի նաև նյութական մեծ օգուտ։


Կովկասը, աշխարհամիջի Էս սքանչելի երկիրը, ասում Է իր կոչի մեջ. պ. Ռուկավիշնիկովը, կտա մարդուն ամեն բան, ինչ որ