Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վերումների դեմ՝ ձեզ անվանելով բարբարոսներ ու գազաններ, իսկ նրանց մարդասեր դատավորներ։

Ճիշտ է, էն ժամանակ էլ նրանք արտահայտվեցին, թե էդ ամենը չարժեն իրենց մի զինվորի փտած ոսկորներին², և մենք շատ զարմացանք ու շփոթվեցինք, թե մի՞թե կարելի է՝ մարդ էսքան դաժան լինի, բայց դեռ չէինք լսել էն, ինչ որ լսում ենք էսօր, դեռ չէինք տեսել Է, ինչ որ տեսնամ ենք էսօր, և մնում էինք միայն ցավալի տարակուսանքի մեջ։ Սակայն էսօր, երբ էսքան բան է պարզված աշխարհքի առջև, «մարդասեր» գերմանացու ձեռքով գնդակահար եղած գյուղացիների վերջին գալարումների հետ, դժբախտ Միլիցայի ու իր նմանների վերջին հառաչանքների հետ, աչքերը հանոտած, լեզուները կտրատած մարդկանց կսկիծների ու անեծքների հետ, Լուվենի³ գրադարանի հրդեհի կարմիր լուսի տակ, Ռայմսի տաճարի ավերման դղրդյունի մեջ՝ ստիպված ենք սրտի բեկումով խոստովանելու մեր միամտությունը և ձեզանից ներողություն խնդրելու էն խտրության համար, որ դրել ենք ձեր ու քաղաքակիրթ մարդու մեջ։

Մեր սրտերում Ռայմսի տաճարից շատ ավելի մեծ մի տաճար կար, որի մեջ նա՝ քաղաքակիրթ մարդը ապրում էր ձեզանից առանձին, նրանք խորտակեցին էն հոյակապ տաճարը և մնացին դուրսը, իրենց ձեռքով արած ավերակների մեջ, ձեզ հետ միասին, ձեզ հետ հավասար։

էլ չեն խաբիլ մեզ նրանց մեքենաներն ու ճարտար արվեստները։ Ճիշտ է ասել ժողովուրդը, թե դրանք բոլորը «սատանի հնարքներ» են, չոր ուղեղի ծնունդներ, և նրա լուսավորության մեջ ոչ աստվածային շունչն է տիրում, ոչ մարդկային խղճմտանքն է թագավորում։

Թերևս ազնիվ կլիներ ներողություն խնդրել և գազաններից, որ մարդկային էս բոլոր վայրագություններն անվանել ենք «գազանություն», և գուցե շատ իմաստուն ու տեղին կլիներ էս ամենի դեմ գնալ գանգատվելու նույնիսկ էն շներին, որ անընդունակ են էս տեսակ արարքների և ահա նույն պատերազմի դաշտում էնքան գութ են ցույց տալիս ու կարեկցություն, ինչպես հավաստիացնում են եկած տեղեկությունները։

226