Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ ահա էս պատերազմի ընթացքում, դեպքը բերեց, ես երկու անգամ գնացի Հայաստան. Մի անգամ Ալաշկերտի հովիտը, մտա անգամ Վան։ Ապա թե ծանոթացա Հայաստանի շատ մտավորականների հետ, մոտիկից տեսա Հայաստանի ժողովուրդը, ու մի ահագին ցավ ծանրացավ իմ սրտին, թե ես ի՛նչքան քիչ տեղեկություն եմ ունեցել էսօրվա կենդանի Հայաստանից, ես, որ համարվում եմ նրա ճանաչողներից մինը, ես, որ միշտ կարծիք եմ հայտնել ու շատ թե քիչ գործել նրա համար…


Նրանից հետո Վասպուրականի, Արածանու հովտի և այլ տեղերի գաղթականության հեղեղն եկավ ծովացավ Այրարատյան դաշտում։


Ես էլ նրան դիմավորողներից մինը եղա։ Պտտվեցի նրանց մեջ էջմիածնում, խոսեցի Թիֆլիսի մոդուլներում, ու վերջը՝ դարձյալ մի տխուր գիտակցություն համակեց ամբողջ էությունս ու մի խորին վիշտ, թե մենք ի՛նչքան ենք տկար մեզ վրա եկած աղետի հանդեպ, տկար ֆիզիկապես, նյութականապես ու բարոյապես…


Հապա նրա — Հայաստանի հա՞րցը, հայկական հա՞րցը…


Ի՞նչեր չեն խոսվել ու կատարվել էդ հարցի շուրջը…


Եվ Հայաստանը գրեթե միշտ լռության է եղել դատապարտված ակամա։ Ոչ նրա ցավն ենք կարողացել ճշմարիտ իմանալ, ոչ էլ ցանկությունը։


Բավական էր։


Հայաստանը պետք է խոսի վերջապես։


Եվ պետք է խոսի էնքան լուրջ ու զգաստ, ինչքան լուրջ ու զգաստ է լինելու ամենից մեծ վշտավորն ու ամենից շատ վտանգվածը ժողովուրդների մեջ, այլև էնքան հաստատուն ու բաց ճակատով կարող է խոսել մի ժողովուրդ, որ ապրել է մարդկային լավագույն ձգտումներով և ամեն ինչ տվել է ու կտա ազատ կյանքի համար։

ՀԱՅԿԱԶՅԱՆ ԸՆԿԵՐՈԻԹՅՈԻՆԸ

Հիմնադրվում է Հայկազյան Ընկերությունը։ — Ինչի՞ համար է հիմնադրվում։ Ահա թե ինչի համար։