Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի վսեմ տոն, երբ մի ժողովուրդ տոնում է իր սիրտն ու հոդին, իր ցեղի հանճարը։

Եվ վրացի ժողովրդին շատ է սազում էդ տեսակ ազգային տոն ունենալը։ Նա մի բանաստեղծական ժողովուրդ է, համակված գեղեցկի բնածին զգացումներով։

Ինձ ծանոթ ժողովուրդներից և ոչ մեկի մեջ ես չեմ նկատել էն երևույթը, ինչ որ տեսել եմ վրացիների մեջ։ Նրանց գործիչներից շատերը հանկարծ կհանեն իրենց որևէ բանաստեղծի ոտանավորը, որ պահում են իրենց գրպանում ե կամ կարտասանեն անգիր։ Նրանք մինչև վերջին ժամանակներս իրենց աղջիկների բաժինքում Ռուսթավելու պոեմն էին տալիս։

էսպես է գեղեցկուհիների ու քեֆ անողների հայրենիքը։ էսքան բանաստեղծական ու կենսուրախ, ինչպես միշտ հայտնի էր, և միաժամանակ էսքան լուրջ ու խիզախ, ինչպես երևաց այժմ, երբ հնար ունեցավ։

Ես ամեն անգամ հրճվանքով եմ վերադառնում հայ և վրացի ժողովուրդների դարևոր անօրինակ լավ հարևանությանը, և խորին վիշտ է պատճառում ինձ մեջտեղի եղած թյուրիմացությունը։

Այո՛, թյուրիմացություն եմ ասում, որովհետև շատ են խորն ու խորհրդավոր էս հին եղբայր ժողովուրդների կապերը, որ չկարողացան կտրեք նույնիսկ կառավարությունները իրենց արյունոտ սխալով¹։

Եվ ահա, երբ վրացին մայիսի 7-ին տոնում է իր ոգու տոնը, իր ազգային բանաստեղծության օրը, անկարելի է, որ հայը էնտեղ չլինի։ Եվ էնտեղ կլինի հայը, ու կլինի ամենից առաջ։

Արդեն որոշել է հայոց գրական, կրթական ու կուլտուրական հիմնարկությունների ներկայացուցիչների ժողովը։

Եվ շատ լավ է արել։ ժողովուրդների որոշումներն ու քայլերն ավելի արժեք ունեն, ջան նրանց կառավարությունների²։

Կառավարություններն ժամանակավոր են ու փոփոխելի, ժողովուրդները մշտական ու անփոփոխ։

Գնանք էդ գեղեցիկ օրը մեր եղբայր ժողովրդին այցելելու և նրա պայծառ հանճարը հարգելու։