Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

1921


ՀԻՐԱՎԻ ԱՂԱՅԱՆԸ ՄեՌԱՎ

Երբ գրական մարդը մեռնում է, սովորաբար ասում են՝ նա չի մեռել, նա ապրում է իր ստեղծագործությտնների մեջ։


Այո՛, ճշմարիտ է։

Գրական –գեղարվեստական ստեղծագործությունը կենդանի գործ է, և իբրև կենդանի գործ անմահ է։ Նրա հետ և նրա մեջ անմահ է և ինքը — ստեղծագործողը։

Բայց դժբախտաբար մեծ մասամբ էսպես չի լինում գրական աշխարհում։ Գրողների մեծագույն մասը, գրեթե միշտ իրանցից անկախ պատճառներով, չեն կարողանում իրանց դրսևորել կենդանի շնչով, գեղեցիկ պատկերներով ու գեղարվեստական ձևերով օժտված գործերի մեջ, որ նրանց հետ էլ մնան ու ապրեն անմահ։

Ղ. Աղայանի կյանքն էլ էսպես անցկացավ։ Չկարողացավ։ ժամանակ ու հնար չունեցավ էն գրական գործերը տալու, ինչ կարող էր տալ, որ եկող սերունդներն էլ ասեին.

— Ահա՛, իր մնայուն գործերի մեջ կենդանի Ղ. Աղայանն իր վիթխարի բարոյական հասակով։ Ամբողջական ու առողջ, զվարթ ու պարզ։

Գրեթե մինչև իր ծերությունը՝ էնպես անցկացավ նրա կյանքը, որ միշտ մնաց ոտի վրա։ Միշտ մնաց մի տեսակ գրականության սիրողի վիճակում և գրեց «ի միջի այլոց», ինչպես մեր գրողներից շատերը։