Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վրդին ազատելու տիրող և մանավանդ առաջիկայում սպառնացող սովից և վերաշինելու քանդված երկիրը։

Խաղաղություն գտնելով գործի է անցել և ինքը, մեծ տառապյալը, Հայաստանի իսկական տերը, հայ գյուղացին։

Սովը, սուրն ու ավերածությունը չեն ընկճել նրա հանրահռչակ տոկունությանն ու շինարար ոգին։

Նա բազմաթիվ զոհեր է տվել և տալիս է տակավին, բայց չի լքում պապենական օջախը, և իր գութանի մաճին ապավինած՝ կանգնած է հայրենի դաշտի վրա ու կանգուն էլ պիտի մնա, ինչքան իշխանություններ էլ գան ու գնան։

Եվ երբ հարևան՝ աշխատավոր ժողովուրդները երեկվան արյունահեղության փոխարեն այսօր եղբայրական օգնության ձեռք են մեկնում հայ աշխատավոր ժողովրդին, մի՞թե կարող է պատահել որ նրա տառապանքների ու շինարար ճիգերի հանդեպ անտարբեր մնաս միայն դու, նրա տարագիր եղբայրը, պանդուխտ հայություն։ Դու՝ որ հեռու ես հայրենիքից, բայց ուշք ու միտքդ միշտ դեպի ետ, դեպի հայրենիք։

Այո՛, Հայաստանի Օգնության Կոմիտեն քաջ գիտե, որ դու էլ ես բաժանված զանազան կուսակցությունների, ինչպես քաղաքական ու քաղաքացիական կյանքով ապրող ամեն մի ժողովուրդ։

Ահա՛, Կոմիտեն ինքն էլ կազմված է տարբեր քաղաքական հայացքի մարդկանցից։

Բայց նա լավ գիտե և էն, որ հայ ժողովրդին սովից ազատելու և քանդված Հայաստանը վերաշինելու գործը վեր է ամեն կուսակցական նկատառումներից և քաղաքական տարաձայնություններից։

էսպես էլ մտածելով՝ ամենքը եկել միացել են այս վսեմ գործի շաթջը, կազմել են ազատ ու անկուսակցական մարմին և գործունեության են հրավիրում ամենքին, ամեն կողմից։

էսպես է մտածում և ինքը՝ Հայաստանի Խորհրդային Հանրապետական կառավարությունը, որ ո՛չ միայն գործելու լիակատար արտոնություն է տալիս, այլև աջակցում է ամեն մեկի և ամեն մի մարմնին, որ կցանկանա օգնել, անձամբ գա, աչքով տեսնի և տնօրինի իր օգնությունը։