է առել դուրս եկել փողոց (էջմիածնում)։ Հրացան է արձակեք մի սասունցու թևը վիրավորել ու փախել մտել Հովհ. Հովհաննիսյանի տունը։ Եկել են էնտեղից տարել բանտարկել, իսկ մյուս օրը բանտից հանել ու տարել նոր վեհարանի առաջ սպանել։
Խե՜ղճ Ստեփան, խե՛ղճ տիկ. Կատարինե։ էլ նրանք ի՜նչպես են ապրելու։ Խեղճ Լևոն, էնքան ջահել, էնքան պատրաստված…
Ես գալուց մի երեք օր հետո հիվանդացա։ Գրեթե նոր եմ վերկացել անկողնից։ Այժմ լավ եմ։ Բայց էլ չեմ ուզում էն նույն ճամփով վերադառնամ, մանավանդ Աշխենն ու Հովիկն էլ հետս են լինելու։ Սպասում եմ երկաթուղուն, իսկ եթե երկաթուղին ուշացավ, էնպես կգամ։ Վերջապես էստեղ դեռ գործ ունեմ, պետք է վերջացնեմ։ Դե՛հ, բարի գիշեր, քնում եմ, որ ձեզ տեսնեմ երազում, մինչև իրոք կտեսնեմ էսքան երկար տարիներ չտեսնելուց հետո։ Ասում եմ էսքան տարի— այո՛, էս, ինչ որ ես ապրեցի, շատ ու շատ տարի արժեր… և այժմ միմիայն դեպի ձեզ է ձգտում ձեզ շատ ու շատ կարոտած
46. ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ
Թիֆլիս–Վենետիկ
1921 թ. հոկտեմբերի 4.
Ավո ջան.
Ստացել եմ նամակդ։ Ասում ես՝ եթե հարմար ժամանակ է՝ կանչի՛ր, ես կգամ։
Հարմար ժամանակը՝ ես չգիտեմ դու որ ժամանակին ես ասում, բայց ասում եմ.
- Արի՛։
— Արի՛, Ավո ջան։
Մեզ համար հարմար ժամանակ չեղավ և գուցե չլինի էլ, բայց արի։