Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/433

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կգաս, կտեսնես մեր աշխարհքը ավերված, մեր ժողովուրդը կոտորված, կենդանի մնացածն էլ կոտրված, ջարդված, մեր հարազատների ու ընկերների շրջանները նոսրացած։ Կտեսնես թե աշխարհքի էս ծով Վշտից ինչ ահագին բաժին է ընկել առանձնապես ինձ ու քեզ, բայց արի.։

Ես գիտեմ, որ էդտեդ էլ քեզ համար հարմար բան չկա, ոչ տեղ, ոչ ժամանակ, ոչ շրջան, ոչ միջոց։

Վերջապես՝ երևի կարոտել ես մեր հող ու ջրին, քո հարազատներին ու ընկերներին։ էդ ամենի հետ միասին քեզ պետք է ասեմ, որ մեր այժմյան կառավարությունը շատ ավելի լավն է՝ քան կարող ես երևակայել։ Մանավանդ գրականությունն ու գեղարվեստը երբեք էսքան ուշադրության առարկա չեն եղած մեր աշխարհքում։

Մինչև իմ նամակի քեզ հասնելը դու արդեն իմացած կլինես, որ մի շարք գրողների ու գեղարվեստագետների կենսաթոշակ են նշանակել, իսկ շուտով կհրատարակվի և կիմանաս, որ տալիս են ամեն արտոնություն, ամեն հարմարություն ու հնարավորություն։ Նրանց թվում կկարդաս և քո անունը։ Քեզ համար խոսել ենք բոլոր կոմիսարների հետ, առանձնապես լուսավորության կոմիսարի և նախագահի, Մյասնիկյանի, որը քեզանից նամակ ուներ։ Եվ ինձ հանձնարարել են, ոը քեզ կանչեմ, որ դու կունենաս ամեն հեշտություն, ինչ որ իրենք կարող են տալ։ Ահա գալիս է և Արտ[աշես] Կարինյանը նրանց կողմից։ Կծանոթանաս, կտեսնես ինչ հրաշալի մարդ է և մե՛ծապես գրական մարդ։ Նա քեզ հնարավորություն կտա գալու։

Նույնն են անում այժմ և էստեղ—Վրաստանում։ Ես նոր եմ վերադարձել Երևանից։ Գնացել էինք Հայաստանի Օգնության Կոմիտե կազմելու։ Կազմեցինք։ 80 ա՛նդամ ունի։ Ամեն հոսանքից ու կուսակցությունից։ Անկուսակցական ու չեզոք մի մարմին, որ պիտի գործակցի կաոավարությանը—սովը վերացնելու և երկիրը վերաշինելու։ Ինձ էլ հարկադրեցին նախագահությունն առնելու ինձ վրա, իբրև թե իմ անունը կարող է համերաշխությանը նպաստել։ Ես ստիպված եղա համաձայնելու, և մոտ առաջիկայում թերևս նույնիսկ գամ Պոլիս։ Ես կարծում