1 9 0 8
ՀԱՅՈՑ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈԻԹՅԱՆ ՀԻՍՆԱՄՅԱԿԸ
1858 թվականին Թիֆլիսում Ներսիսյան դպրոցի տպարանից դուրս եկավ աշխարհաբար մի գիրք «Վերք Հայաստանի, Ողբ Հայրենասերի» վերտառությամբ, շարադրություն Խաչատուր Աբովյանի։ Այս այն երջանիկ գիրքն է, որ հայոց նոր աշխարհիկ գրականության առաջին հիմնաքարն է ընդունված։ Եվ ահա այս տարի լրանում է այդ գրքի տպագրության–հայոց նոր գրականության սկզբնավորության հիսնամյակը։ Մի հոյակապ առիթ՝ մի մեծ համազգային տոն կազմելու, վերարծարծելու, կենդանացնելու շատ նվիրական զգացմունքներ ու գաղափարներ, որոնցով ոգևորվել է, այո, ժողովուրդը, և մի ընդհանուր հաշիվ տեսնելու այն գեղեցիկ երկերի ու գործերի, ինչ որ կարողացել է տալ հայի հանճարը էս հիսուն տարում։ Գուցե կարելի կլիներ և արժանավայել ձեռնարկություններով հավերժացնել հայ մտքի այդ տոնը—նորանոր ուսումնարաններ ու գրադարան-ընթերցարաններ բանալ, կենտրոնական համազգային գրադարան կամ թանգարան հաստատել, կամ հիմնել հայոց գրական ֆոնդը, նրանով միանգամ ընդմիշտ վերացնել ամեն մի գրողի հոբելյանին փող հանգանակելու սովորությունը և հոբելյանները վերածել զուտ գրական տոների։
Անշուշտ կլինեն և շատ ուրիշ ձեռնարկությունների առաջարկներ, գուցե և հարկավոր չի դատվիլ կամ գլուխ չի գալ այս ձեռնարկություններից ոչ մինը—այսուամենայնիվ պետք է կատարելայդ մեծ տոնը, ոը ինքնըստինքյան կունենա բարոյական ահագին նշանակություն և համատարած հայ ժողովրդի ընդհանուր ոգևորության, լավագույն հիշողությունների ու պայծառ հույսերի օրը կլինի։