Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Համլետի չարչարանքի շաբաթ։ Մեջները եթե մի երջանիկ բացառություն կար, էդ հայ Պոլոնիուսն էր (պ. Միրաղյանը) միայն։

Ես կարծում եմ ոչ հոր եղեռնական մահը, ոչ մոր շուտափույթ ամուսնությանը, ոչ հորեղբոր ազգապիղծ վարմունքը, ոչ Օֆելիայի թեթևամտությունը, ոչ Պոլոնիուսի պալատական նենգավորությունը, ոչինչ, ոչինչ էնքան վիրավորական չպետք է լինեն դժբախտ Համլետի՝ էն առաջին ինտելիգենտի հոգու ազնըվության, արքայազնի վեհության, փիլիսոփայի խորության, հանճարեղ նրբամտության ու վշտի ծանրության համար, որքան հայ դերասանի անճաշակ լալկանությունը, վախկոտ հայացքները դես ու դեն, անմիտ վազվզելը պատից պատ, անտեղի աղաղակներն ու լաց ու կոծը կամ ռուս դերասանի հիստերիկ հեկեկոցներն ու հռհռոցները, հիվանդագին գալարումները, անդադար ծամածռությունները ու գոռում գոչումները։

Եվ ավելի ևս զարմանում եք, երբ մարդիկ էդ բոլորն անում են միաժամանակ արտասանելով Համլետի էս խոսքերը, որ ուղղում է դերասաններին.

«…Արտասանի՛ր թեթև և ազատ։ Բայց եթե որոտաս, ի՛նչպես մեր դերասաններից շատերը, ապա ավելի ուրախ կլինեի, որ մունետիկներն արտասանեին իմ տողերը։ Չափից ավելի օդը մի սղոցիր քո ձեռքով այսպես… այլ թո՛ղ շարժտւմները չափավոր լինեն, որովհետև կրքերի ամենասաստիկ հեղեղի, փոթորկի, և այսպես ասենք, ալեկոծման ժամանակ, դու պետք է պահես բավական ինքնիշխանություն, որ այդ բոլորին մի տեսակ փափկություն տա։ 0՜, դա հոգիս տանջում է, երբ տեսնում եմ մի հաղթանդամ մարդ, գլուխը կեղծամով ծածկած, պատառոտում է կիրքը և մաս մաս անում ստոր ամբոխի ականջները… Իսկ խուժանը առհասարակ ընդունակ չի մի բան հասկանալու, եթե ոչ անբացատրելի մնջակատակներ և գոռում գոչում…» («Համլետ», թարգմ. Մասեհյանի, 102):

Մի՞թե էնքան հեռա են էդ մարդկանց ականջները բերանից, որ իրենց ասածը չեն լսում։ Եվ խաղում են ոչ թե դրամայի ամբողջությունը, ոչ թե նրա մտքերը, այլ նրա բառերը, առանձին–առանձին բառերը, որ, Համլետի ասածի նման, թեև տգետներին