Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ ավելի բարձր աստիճանի։ Այդ ժամանակ էլ ծագեց նրա չափածո ստեղծագործության լավագույն մասը մեկ ստվար հատորով հրատարակելու միտքը, որի իրականացումը եղավ 1903 թ. Թիֆլիսում տպագրված «Բանաստեղծություններ» ժողովածուն։ Այդ գրքով առաջին անգամ հասարակությանը ներկայացավ «նոր Թումանյանը»՝ նախորդ տարիների գեղարվեստական թերություններից իսպառ ազատագրված և ռեալիստական պոեզիայի բարձունքներին հասած բանաստեղծը։ Կարելի է ասել, որ հենց այդ գրքով էր, որ Թումանյանը դարձավ արևելահայ բանաստեղծության խոշորագույն, առաջատար դեմքը։ Նրա դասական շատ երկերի, մանավանդ հանրահայտ պոեմների ու բալլադների հիմնովին վերամշակված, բարձրագույն գեղարվեստական մակարդակի հասցված բնագրերը առաջին անգամ երևան եկան 1903 թ. ժողովածուի մեջ։ Այդ գրքի նշանակությունը մեծանում է հատկապես նրանով, որ դա Թումանյանի ժողովածուներից միակն է, որի տպագրության ընթացքին նա հնարավորություն է ունեցել սկզբից մինչև վերջ հետևելու անձամբ և ամենայն ուշադրությամբ («Բանաստեղծություններ» վերտառությամբ մյուս չորս գրքերը տպագրվել են Մոսկվայում, Բաքվում, Կ. Պոլսում, և Թումանյանը դրանց հրատարակությանը անձամբ և անմիջականորեն հետևելու կամ վերահսկելու հնարավորություն չի ունեցել)։

Հինգ տարի անց՝ 1908 թ. Բաքվում հրատարակվեց Թումանյանի «Բանաստեղծություններ» նոր ժողովածուն, որն իր կազմով և բնագրով զգալիորեն տարբերվում էր նախորդից. բնագրերի մեջ մտցվել են բազմաթիվ փոփոխություններ և լրացումներ, հանվել են մի շարք երկեր և ավելացվել նորերը (օրինակ՝ «Թմկաբերդի առումը»)։ Սակայն այն հանգամանքը, որ այս ժողովածուն տպագրվեց առանց հեղինակի անմիջական վերահսկողության, պատճառ է դարձել մի շարք վրիպակների և աղճատումների (դրանց մի մասը Թումանյանը նշել է գրքի հեղինակային օրինակների վրա)։

Նույնը զգալի չափով վերաբերում է նաև Թումանյանի կազմած վերջին ժողովածուին («Բանաստեղծություններ»

8