Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/187

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լավ, տեր հայր, այդ էլ քեզ եմ կտակում,
Որ ինձ միշտ հիշես քո պատարագում,
Դագաղիս վրա մի քարոզ ասես,
Թե ինչ հոգեսեր, մեծ մարդ էի ես…

65 Այս կտակն արավ հայ բարերարը
Ու մեռավ գնաց այն մյուս աշխարհը.
Միշտ երախտագետ մեր ազգը հայոց
Նրան հըռչակեց ազնիվ բարեգործ,
Իր ժամի գավթում թաղեց ու մարմար
70 Արձան կանգնեցրեց իր գործքին հարմար
Վըրան էլ գրեց պերճ տապանագիր.
— Ո՜հ, վսեմ հոգի, դու խաղա՜ղ հանգիր
Թեև դու մեռար, բայց միշտ քո հոգին
Հըսկում է բարձրից քո թըշվառ ազգին։

75 Բայց երբ որ գնաց այն մյուս աշխարհը,
Եվ ուզեց մըտնել արդարոց շարը,
Հանեց օրհնանքի տարած պատճենը,
Տերն մեր կարդաց ու գըցեց դենը,
— Քո սիրտը հանիր, ասաց, հողեղեն,
80 Այնտեղ են գրված գործերըդ ամեն։
Եվ մարդու սիրտը կարդաց մեր տերը,
Ուր տըպված էին նըրա գործերը.
Կարդաց չա՜ր գործեր,— նաև կըտակը,
Եվ… իսկույն ղրկեց դժոխքի տակը։

183