Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/260

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԿԱՔԱՎԻ ՈՂԲԸ

Ա

Կըտուցը լիքը արին
Կաքավը նըստել քարին,
Ձեն է տալիս, կըղկըղում,
Գանգատ անում հավքերին.
5 Ա՛յ քուրիկնե՜ր,
Ա՛յ հավքե՜ր։

Բուն շինեցի էս սարում,
Ձագ հանեցի աննըման.
Իջավ՝ խաղա մարգերում,
10 Եկան կալան ու տարան,
Ա՛յ քուրիկնե՜ր,
Ա՛յ հավքե՜ր։

Էն կարկաչուն վըզիկը
Սուր դանակով զարկեցին.
15 Էն կարմըրիկ կըտուցը
Հուր կըրակին ձըգեցին,
Ա՛յ քուրիկնե՜ր,
Ա՛յ հավքե՜ր։

Էն մանրաքայլ տոտերը
20 Կըտրատեցին ծունկն ի վար,
Էն խատուտիկ փետուրը
Ո՛րն արին ձոր. ո՛րը՝ սար,
Ա՛յ քուրիկնե՜ր,
Ա՛յ հավքե՜ր։


254