Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/280

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Եվ, հուր ու շոգի շընչելով ուժգին,
Գընացքը կըտրած գընացքի ետև,
65 Ու, գալարվելով հովիտից հովիտ,
Գալիս են, ինչպես վիշապներ սև-սև…»
— «Հե՜յ, ընկե՜ր, կանչեց խըմբապետն արի,
Հե՜յ, ընկե՜ր, կանչեց, դե՛ ցած եկ արագ,
Առ հըրացանըդ, դաշտն իջիր շուտով,
70 Իջի՛ր Սըրբազան ափը Եփրատի.
Հին պատերազմի վերջին զարկն է սա,
Հին ոճրագործի հոգեվարքն է սա…»
— «Խըմբապե՛տ, կանչեց, ընկեր խըմբապետ,
Խըմբապե՛տ, կանչեց հայդուկը ջահել,
75 Հայոց երկնահաս լեռների վըրա
Խո՜ր, խորհրդավոր ձայներ են լսվում.
Դըղըրդում է խուլ երկինքը վերից
Էն անհուն, անքուն, անթիվ ձայներից…»
— «Հե՜յ, ընկե՜ր, կանչեց խըմբապետը հին,
80 Հե՜յ, ընկե՜ր, կանչեց, խաչ հա՛ն երեսիդ.
Էդ կյանքում տանջված, տանջանքով մեռած
Անթիվ, անհամար, անբախտ հայերի
Հոգիներն են հեգ, որ լաց ու կոծով,
Արյան մըրրիկով երկինք վերացան։
85 Փոթորկում են դեռ աստծու առաջին,
Բողոքում անհուն երկրնքովը մին.
Նըրանց բողոքի աղմուկն է անլուռ,
Հասնում է ներքև՝ հայի ականջին…
Հե՜յ, ընկե՜ր, ասավ, խաչ հա՛ն երեսիդ,
90 Առ հըրացանըդ, դաշտն իջիր շուտով,
Իջի՛ր Սըրբազան ափը Եփրատի,—
Մեծ տառապանքի վերջին օրն է սա…»

274