Շուռ է գալիս ծանր քարը
Մեր մոր կրծքից տենչավառ,
Վեր է կենում մեր աշխարհը
Ավերներից անհամար… 5
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան,
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ,
Քարը մոտ է գլորման։
Մտիկ տվեք՝ ինչ վեհ պատկեր 10
Մեծ հիացման արժանի,
Էսքան դարեր նա քարի տակ
Դեռ շընչում է կենդանի.
Ու աչքերը, թեև լացոտ,
Լիքն են կյանքով ու հույսով, 15
Ու հույսերը, համակ ազնիվ,
Լիքը բարով ու լուսով…
— Հե՜յ, ջա՛ն տղերք, ուս տվեք, ո՜ւս,
Միահամուռ, միաբան..
Հե՜յ, ջա՛ն տղերք, ուժ տվեք, ո՜ւժ, 20
Քարը մոտ է գլորման։