Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1916



<ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎԻՆ>

Մեզ մոտ եք եկել ձյունի աշխարհից,
Կոչում դեպ բարին, դեպ վսեմն ու սեր
Մեր ցավոտ սրտում զարթնում են նորից
Երջանիկ կյանքի իղձեր ու հույզեր։

5 Աշխարհից աշխարհ թող ձեն տան իրար,
Որոնք իշխում են մարդկանց սրտերին,
Ազգերն ինչ ունեն ազնիվ ու պայծառ,
Թող ի մի բերեն էս դառն օրերին։

Եվ թող սրտերի դաշըն կապեն կուռ,
10 Ամուր շաղկապեն անսահման սիրով,
Շնչեն կենդանի մի շունչ ընդհանուր,
Կյանքը ջերմացնեն հոգեղեն հըրով։

Եվ թող մի պայքար լինի կյանքի մեջ՝
Թե ով ավելի ուժգին կըսիրի,
15 Եվ թող մի մրցում լինի միշտ անվերջ՝
Բարու, գեղեցկի ու վեհ գործերի։

Եվ բանաստեղծի խոհերն իմաստուն
Քանզի խոսքեր չեն ապարդյուն ու սին,
Եվ քանզի մարդը կարող է մարդուն
20 Սիրել— երջանիկ ապրել միասին։

283