Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Կամեցավ՝ ելավ իմ հզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին։
Ու իր հարազատ բարձունքիցը լույս՝
Անչար, անաչառ, անդորր ու անհույզ՝
Պարզ, ամենատես հայացքովը նա
Ճառագեց ներքև՝ աշխարհքի վըրա։

Այսպիսով՝ դեպի վեր ճախրելով աշխարհն ավելի ամբողջական ձևով ընկալելու համար (իզուր չէ, որ բանաստեղծությունը կոչվում է «Բարձրից»), բանաստեղծի հոգին մտնում է մարդկային հասարակության ու տիեզերքի «առեղծվածները» բացատրելու ոլորտը, միանում տիեզերքի անհունին, երկնադետ Մասիսի հետ դարեդար քննում «կան ու չկան էս աշխարհքի»։ Նրա բոլոր մտորումների ելակետը խոր հումանիզմն է, ներքին պայքարում ավանդականի վերջնական պարտությունը, որքան էլ բանաստեղծական խոսքի մեջ Թումանյանը դեռևս աշխարհը պիտի անվանի «աստծու աշխարհ», պիտի օգտվի ավանդական տերմիններից, ինչպես ուրիշ առիթներով նույն աղբյուրից արդեն փոխ էր առել «հոգեհանգիստ», «մարգարե», «անապատ», «ուխտ», «հարություն» և նման բառեր։

Բայց կարելի է ասել, որ իմաստասիրական իրարամերժ մտորումներից ու տարակուսանքներից մարդակենտրոն փիլիսոփայությանն անցնելու այս պրոցեսն արդեն փաստորեն ավարտված էր դեռ 1909 թ., երբ Մետեխի բանտում բանաստեղծը գրում էր իր հռչակավոր «Վայրէջքը», թեև այստեղ առաջին հայացքից կարող է մշուշապատ թվալ նպատակը, եթե չփորձենք հասկանալ նրա «անհայտը սուրբ, աշխարհքը պայծառ», այսինքն՝ նրա իդեալը։

Իսկապես, ո՞րն է հանգրվանը, ո՞րն է այն իդեալական վիճակը, որ որոնել ու գտել է բանաստեղծը։ Ներքևում թողնելով փառք, գանձ, քեն ու նախանձ, այն «ամենը, ինչ ճնշում է հոգին», քառասուն տարի «ահարկու ճամփով» քայլելուց հետո, վերջապես նա հասել է «հոգու խաղաղության», այսինքն նույն «անչար, անաչառ, անդորր ու անհույզ» վիճակին, որը հատուկ է միայն աստվածության։ Պատահական չէ, որ տարիներ հետո նա հրաշապատում է ներկայացնում իր, որպես բանաստեղծի, կնունքը. 

Իմ կնունքին երկինքը ժամ, արևը գահ սըրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն ավազան,
Սարը եղավ կընքահայրըս, ցողը մյուռոն կենսավետ,
Ու կընքողըս նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

Դրանից հետո է, որ նա իրավունք ունի ասելու, թե ինքը հարուստ է ու բախտավոր, քանի որ որքան էլ ձրի բաժանի իր գանձերը, դարձյալ «սերն անվերջ է, բարին անհատ»։ Այսինքն՝ բնության մեջ տարրալուծելով,

541