բարոյագիտական խրատն է, ինչպես, օրինակ, «Ուրագն ու սղոցը», առաջարկում է իր սքանչելի հեքիաթները, բալլադները, լեգենդները, ժողովրդական էպոսի մշակումն իր հայրենասիրական խորքով, թեև այս դեպքում ևս նա խորաթափանցորեն խուսափում է մերկապարանոց խրատից։
• • •
Դեռ պատանության տարիներից Թումանյանի քնարերգությունն աչքի է ընկել խոհականությամբ։ Ստեղծագործական կյանքի բոլոր փուլերում նա միաժամանակ, այսպես կոչված, ինտելեկտուալ բանաստեղծության խոշորագույն ներկայացուցիչներից մեկն է։ 1890 թ. գրված «Խորհրդածություն» բանաստեղծության մեջ Թումանյանն առաջին անգամ փորձում է կյանքի սկզբնապատճառի մասին իր հոգում ծնված տարակուսանքը հաշտեցնել այն ավանդական «օրինաչափության» հետ, որ, իբր, հաստատել էր քրիստոնեական հավատը՝ համադրելով կյանքն ու մահը, իրական և հանդերձյալ աշխարհները։ «Ո՞րն է դրախտը», մի՞թե դա այն սուտ մխիթարանքը չէ, որ մարդկային տառապալի կյանքն է ստեղծել,–հարցնում է բանաստեղծն ու չի կարողանում պատասխանել այդ հարցին, քանի որ սարսափում է տրամաբանական հետևությունից, իսկ ավանդական պատասխանն այլևս չի համոզում։
Բայց առաջին քարն արդեն նետված է։ Այնուհետև ամեն ինչ՝ սերը, կարոտը, ազգային ողբերգությունը, հասարակական բարոյականությունն ու կյանքի առօրյա ընթացքն անգամ, նա պիտի քննի երկու պատասխանների հակամարտության և ավանդականի աստիճանական տեղատվության պայմաններում՝ թեև նրա սիրտը դեռ երկար ժամանակ պիտի կեղեքի պայքարի հավանական ելքը։ Ինչ-որ չափով այս պայքարի ծնունդն են նաև «Մարգարեն», «Գիշերային աստղի դիմաց», «Դեռ անհիշելի վաղ մանկությունից» և այլն։
Այսպես, մինչև «Վայրէջքը» (1909) և 1915 թ. գրված «Բարձրից» բանաստեղծությունը, որն իր փիլիսոփայական տարողությամբ, կարելի է ասել, հավասարը չունի, նույնիսկ, իր՝ Թումանյանի ստեղծագործության մեջ։ Ներքին մաքառման վերջին ակորդն է սա, որտեղ տարակուսանքն արդեն տեղի է տվել, բանաստեղծը վերջնականապես հիսաթափվել է ավանդական պատասխանից և դա այլևս ողբերգություն չէ նրա համար, քանի որ նա գտել է իր՝ մարդկային անհատի տեղը տիեզերքում և համոզվել, որ մարդու մեջ է այն ամենը, ինչ դարերով վերագրվել է արարչին։
|
540