Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/561

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Այս տողի փոխարեն ԲՄ 2-րդ հատորի մեջ դրված են կետեր։ Այդ, հավանաբար, արված է գրաքննիչի ձեռքով։ ԲՄ 2-րդ հատորի՝ Ղ. Աղայանին նվիրած օրինակում Թ—ը կետերի վրա գրել է՝ «Մեր հալածված հայրենիքում», որի հիման վրա և մենք վերականգնել ենք տողը» (էջ 26)։


«Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՏԱՂԵԼ ԱՆՄԵՂ ԱՐԱՐՔԻՑ...»

(էջ 38)

Գրված է 1889 թ., ինչպես թվագրված է առաջին հրատարակությունը:

Տ. Փիրումյանի վկայությամբ՝ Թումանյանն այս ոտանավորը գրել է ի պաշտպանություն Գ. Արծրունու, ընդդեմ նրա հակառակորդների, տվյալ դեպքում՝ կոնսիստորականների (տե՛ս ԹԺՀ, էջ 345)։

ԹԸԱ պատառիկների մեջ պահվում է առաջին քառատողի ինքնագիրը։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ 1, էջ 84, որտեղից և արտատպվում է:

Տե՛ս նաև «Նահատակ» բանաստեղծության ծանոթագրությունը։


«ԵՍ ՆԱՅՈՒՄ ԵՄ. ԻՄ ԱՌՋԵՎ...»

(էջ 39)

Գրված է 1889 թ.։

Տ. Փիրումյանի վկայությամբ՝ այս բանաստեղծության ներշնչման պահը Թումանյանն ապրել է Թիֆլիսի Բուսաբանական այգու բարձունքից քաղաքը դիտելիս (տե՛ս ԹԺՀ, էջ 345)։

Ինքնագիրը չի պահպանվել։

Առաջին անգամ տպագրվել է ԲՄ 1, էջ 74, այնուհետև՝ ԵԺ I, 17—18:

Արտատպվում է ԲՄ 1-ից։


ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

(«Երբ որ գարշելով տեսնում եմ շուրջս...»)

(էջ 40)

Գրված է 1889 թ.։

Ինքնագիրը չի պահպանվել։