իրարանցում... Սեղանի կառավարիչը հայտարարում է, որ Օշական է ժամանել հանրածանոթ բանաստեղծ Հովհ. Թումանյանը և որտեղ որ է կներկայանա մեր սեղանին»։
ԳԱԹ Թֆ № 1521 ա պահվում է Մ. Խրիմյանի դիմանկարով մի բացիկ, որի մի երեսին Թումանյանը գրել է. «Հարգելի օր. Հ. Մարկոսյանին, նախագահը», իսկ մյուս երեսին. «Անցած օրին օր չի հասնիլ: 21 հունիսի 904, Էջմիածին»։ Այսինքն՝ հունիսի 21-ին Թումանյանն արդեն գտնվել է Էջմիածնում։ Հավանաբար, Օշականից Էջմիածին է մեկնել նախորդ օրը՝ հունիսի 19-ի Թարգմանչաց տոնի հանդիսություններին մասնակցելուց հետո։ Այստեղից հետևում է, որ ոտանավորը պիտի գրված լինի հունիսի 19-ին կամ 20-ին Օշականում։
Ինքնագիրը չի պահպանվել:
Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1949, №6, թվագրված՝ «1904 թ. Երևան», այնուհետև՝ ԵԺ I, 509։ Այստեղ ծանոթագրության մեջ կարդում ենք. «Գրել է 1904 թ. հուլիսին Օշականում։ Ձեռագիրը չի պահպանվել: Տպագրվում է առաջին անգամ ուսուցիչ Մ. Մխիթարյանի ընդօրինակությունից»։
Անհայտ է, թե ինչ աղբյուրից է հրատարակվել ԳԹ-ում։ Չհաջողվեց պարզել նաև, թե որտեղից է ընդօրինակել վերը հիշատակված ուսուցիչ Մ. Մխիթարյանը։ Այդ «ընդօրինակությունը» ևս մեր ձեռքի տակ չի եղել:
Ըստ երևույթին, ԵԺ I-ի կազմողները տեղյակ չեն եղել, որ ոտանավորն արդեն տպագրված է եղել մեկ տարի առաջ, թեև հնարավոր է նաև, որ գիրքը տպագրության է հանձնվել ավելի վաղ, իսկ հետագայում կազմողները մոռացել են ճշտել ծանոթագրությունը։
ԳԹ-ում տպագրվածի 6-րդ տողը մեզ ավելի ճշգրիտ է թվում, այդ պատճառով հիմք ենք ընդունել ԳԹ-ի բնագիրը:
«ՄԵՆՔ ՓԱՌՔԵՐ ՈՒՆԵՆՔ ԹԱՂՎԱԾ ՀՈՂԻ ՏԱԿ…»
(էջ 211)
Գրված է 1904 թ. հունիսի 24-ին, Անի այցելողների ալբոմում, որը պահվում է ՀՍՍՀ Պետական կենտրոնական պատմական արխիվում՝ ֆ. 57, գ. 704, թ. 83:
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 508։
Տպագրվում է ինքնագրից։