Առաջին անգամ տպագրվել է Հր, 1913, 7 ապրիլի, № 77։ Նույն ժամանակ փորագրվել է Սայաթ-Նովայի գերեզմանաքարի վրա, որը դրված է Թիֆլիսի ս. Գևորգ եկեղեցու բակում, պատի մոտ։ Այնուհետև՝ ԵԺ I, 169։
Արտատպվում է Հր-ից:
«ԹԵՊԵՏԵՎ ԲԱԽՏԸ ՄԵԶ ՇԱՏ ՀԱՐՎԱԾԵՑ...»
(էջ 264)
Հավանաբար, գրված է 1913 թ. հոկտեմբերի 13-ին, քանի որ նույն օրը Հայ գրողների ընկերության անունից հանդես գալով հայ տառերի գյուտի 1500-ամյա և տպագրության 400-ամյա հոբելյանի առթիվ Ներսիսյան դպրոցում կազմակերպված երեկույթին, Թումանյանը կարդացել է այս բանաստեղծությունը։
Ինքնագիրը չի պահպանվել։
Առաջին անգամ տպագրվել է Հր, 1913, 17 հոկտեմբերի, № 233, այնուհետև՝ ԵԺ I, 170—171։
Արտատպվում է Հր-ից։
1914
ՔԱՋ ԿԻՎԻՎԸ
(«Ճախիններում, գետին մոտիկ...»)
(էջ 266, 482)
Ակունքը ժողովրդական է։ «Հանդես թռչնոց» վերնագրով տպագրվել է Գ. Սրվանձտյանի «Համով-հոտով» գրքում։ Ժողովրդական երգն ունի 28 տուն, որոնցից Թումանյանն ընտրել է 4-ը (1, 3, 11, 23), բարբառը վերածել գրական-ժողովրդական լեզվի, սկզբից ավելացրել երկու նոր տուն, փոխել տողեր ու բառեր, վերնագրել «Քաջ Կիվիվը»՝ կերտելով միանգամայն նոր բանաստեղծություն։
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինքնագիրը չի պահպանվել:
Առաջին անգամ տպագրվել է Հսկ, 1914, № 2, էջ 37—38, «Ժողովրդականից» ենթավերնագրով, այնուհետև, առանց ենթավերնագրի՝ Լ V, 1914, էջ 191—193, ապա՝ ԵԺ I, 242—243:
Արտատպվում է Լ V–ից։