Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



1916

<ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎԻՆ>

(«Մեզ մոտ եք եկել ձյունե աշխարհից...»)

(էջ 283)

Հավանաբար գրված է 1916 թ. հունվարի 12-ից 24-ը, երբ Վ. Բրյուսովը ժամանել է Թիֆլիս, ապա այցելել Երևան և դասախոսությսւններ կարդացել հայ բանաստեղծության մասին։ Բրյուսովի այցի ու դասախոսությունների կապակցությամբ Թումանյանը մամուլում մի քանի ելույթներ է ունեցել (տե՛ս ԵԺ IV, 330—336) և գրել ռուս բանաստեղծին նվիրված այս բանաստեղծությունը։

ԳԱԹ Թֆ № 74 պահվում է մեկ ինքնագիր։

Առաջին անգամ տպագրվել է ԳԹ, 1940, № 18, այնուհետև՝ ԵԺ I, 526:

Տպագրվում է ինքնագրից։


ԴԺՈԽՔԻ ՀԱՆԴԵՊ

(«Հո՜ւշ հասավ օրը՝ վերջի՜ն, ահավո՜ր...»)

(էջ 284, 484)

Գրված է 1916 թ. փետրվարին, հայկական կոտորածների ծանր ազդեցության տակ։

ԹԸԱ պահվում է մեկ ինքնագիր-պատառիկ՝ «Արզրումի անկումից հետո» վերնագրով։ Նույն տեղում, № 1266 պահվում է նաև Հր-ի կտրոնը, որտեղ Թումանյանը փոխել է 12-րդ տողը։

Առաջին անգամ տպագրվել է Հր, 1916, 28 փետրվարի, № 46, այնուհետև, մասնակի կրճատումներով՝ ԵԺ I, 148։

Արտատպվում է Հր-ից, հեղինակի կատարած փոփոխությամբ։

Ինքնագիր-պատառիկի հաջորդ երեսին կա հեղինակի հետևյալ ծանոթությունը. «Տղամարդկանց կոտորել են, ջահել կանանց տարել— մնում են պառավ մայրերը, որ հսկում են դաշտում թափված իրենց որդիների դիակներին։ Մի-մի ճյուղ առած հեռու են քշում գիշերը գիշատիչ գազաններին ու ցերեկը թռչուններին, որ չծվատեն, չուտեն նրանց մարմինները»։

Հր, 1916, № 47 այս բանաստեղծության մասին տպագրված է հետևյալ ծանոթությունը. «Հորիզոնի անցյալ համարում (№ 46) Հ. Թում-ի բանաստեղծության տակ բաց է թողնված գրվելիք ծանոթագրությունը, որ բանաստեղծության մեջ ակնարկված երեխայի արյունը մորը խմեցնելու դեպքը վերջին օրերի իրականությունից է առած»։