ենք հայտնում, որ Ձեզ կհաջողվի հայտնաբերել այդ հայրենասիրական–բարձրաշունչ դրվագները Ձեր արխիվում»։
Սակայն, ըստ երևույթին, Վ. Կոստանյանցն այլևս ոչինչ չի կարողացել ավելացնել Մ. Աղայանի գրի առածին։
ԹԸԱ այս երկու տարբերակներից բացի պահվում է մի ավելի ընդարձակ տարբերակ, որ հիշողությամբ գրել ու Նվարդին է ուղարկել օշականցի Հայկ Ալեքյանը։
Տպագրվում է առաջին անգամ այս վերջին տարբերակից։
1905
«ԱՆՑԱՎ ՀԻՆ ՏԱՐԻՆ, ԿԱՆՑՆԻ ԵՎ ՆՈՐԸ...»
(էջ 397)
Գրված է 1905 թ. հունվարի 1-ին։ Այդ օրը Թումանյանն իր 1903 թ. «Բանաստեղծություններ» ժողովածուն (ԹԲ) նվիրել է Ղ. Աղայանին՝ «Իր անգին Ասլան ապորը—Ղ. Աղայանին» ընծայականով, գրված անվանաթերթի վրա, իսկ հաջորդ էջում գրել այս երկու տողը։
Գիրքը պահվում է ԹԸԱ բանաստեղծի անձնական գրքերի ֆոնդ, № 449։
Առաջին անգամ տպագրվել է ԵԺ I, 512։
Տպագրվում է ինքնագրից։
«Ну, господа! ԱՅՍՈՒՀԵՏԵՎ...»
(էջ 398, 507)
Գրության թվականն ստույգ հայտնի չէ։
Ինչպես երևում է 15-րդ տողից, գրելու ժամանակ բանաստեղծն արդեն ութ երեխա է ունեցել։ Ութերորդ երեխան Արեգն է, որ ծնվել է 1901 թ. նոյեմբերի 27-ին։ Հաջորդ՝ իններորդ զավակը Սեդան է՝ ծնված 1905 թ, հունվարի 5-ին։ Այստեղից հետևում է, որ բանաստեղծությունը դրված է 1901 թ. նոյեմբերի 27-ից մինչև 1905 թ. հունվարի 5-ը ընկած ժամանակամիջոցում։
ԹԸԱ պահվում է երկու սևագիր-ինքնագիր։
Առաջին անգամ տպագրվել է Լրաբեր, 1979, № 1, էջ 32։
Տպագրվում է Բ ինքնագրից։