Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բան անցավ։ Պետք է ասեմ, որ էդ օրը լավ էր։ ճաշին ուրախ, ծիծաղեցինք։ Իրիկունն էլ, երբ արդեն ատամը հանել էին, նրանց մոտ էինք հավաքված, ես մյուս օրը պետք է գայի, ժամանակ էինք անցկացնում և ստիպում էին իրենց մոտ անցկացնենք երեկոն, որ ինձ ուրիշ տեղ չտանեն քեֆ անելու, չհոգնեմ։ էդպես առողջ, ուրախ բաժանվեցինք։ Եկա Թիֆլիս. Թիֆլիսում ինձ ասում են — էդ ինչպես պատահեց, որ մեռավ։

Ասում եմ՝ ո՞վ։ Թե՝ տիկին Մելիք-Հայկազյանը։ Ծիծաղում եմ։ Ինձ ցույց են տալիս լրագիրը։ Բանից դուրս է գալի, իմ դուրս գալու մյուս օրը նա մեռել է, հեռագրով հայտարարել են լրագրում և երևակայեցեք իմ ապշությունն ու ցավը…

Պետք է ասեմ, որ նախավերջին երեկոյան նրանց մոտ գրական երեկո ունեցանք և հատկապես նրա խնդիրքով կարդացի «Դեպի Անհունը», որ ինքը սիրում էր։ Եվ թաղման ժամանակ ես ու Հեղինեն ու բոլոր մոտիկներր շարունակ կրկնում էինք նրա սերը ու միտքը «Դեպի Անհունը»։ Ահա Ձեզ մարդն ու իր կյանքը։

Թաղումից մի երկու օր անցած կանչում են ինձ Հեղինեն, Հովսեփը և փեսեն ու եղբայրը, թե մայրիկը քո վերաբերյալ կարգադրություն է արել, կանչել ենք, որ քեզ հայտնենք։ Եվ հայտնում են էն կարգագրությունը, որ Դուք արդեն կարդացել եք թերթերում2։ Բայց դրա մասին հետո։

Հեղինեն երեկ գնաց Բաքու, շատ է ընկճված, և ինձ նրա էդ ընկճված դրությունը էնքան է ցավեցնում… էնքան մի ազնիվ, քնքույշ ու պարզ հոգի է. դրա վրա եթե ավելացնեի էն մտերմությունը որ կա, անշուշտ կհասկանաք, թե ինչքան եմ ցավում ու վշտանում։

Ս<իրելի> Մարիա Մարկովնա, իսկ Ձեզանից ե՞րբ պետք է մի լավ նամակ ստանանք, թե առողջ եք ու գալիս եք: Ձեր նամակները շատ են տխուր։ Ձեր մենակությունն ու տխրությունը անչափ վշտացնում է ինձ. Միքայելի դանդաղ առողջանալը, էլյայի հիվանդությունը, որ չեք գրել, թե ինչ է — բայց հավատում եմ, որ Ձեզ հատուկ ուժով ու