Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



96. ԲԱԳՐԱՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻՆ
Թիֆլիս

<1911, հունիսի 23, Թիֆլիս>

Հարգելի պ. Բագրատ, որովհետև Սարաջևի թաղումն էլ է կիրակի օրը, այնինչ քաղաք<ային> վարչությունը որոշել է երկուսին էլ լինել, հայերից շատերն ուզում են վրացիներին պատվել, վրացիները՝ հայերին․ արդյոք կարո՞ղ էինք Աղայանի թաղումը անել շաբաթ օրը։ Տիկնոջ ու սրբաղանի հետ էլ խոսած եմ այս մասին; Արդյոք ինչպե՞ս է մտածում հանձնաժողովը, և Դուք ի՞նչ կարծիքի եք։ Խնդրեմ հաղորդեցեք «Հորիզոնի» խմբագրատունը1։

Հարգանքով՝
Հովհ. Թումանյան
97. ՀԱԿՈԲ ԽԱՆԼԱՐՅԱՆԻՆ
Մանգլիս—Շուշի

1911, հուլիսի 15, Մանգլիա

Ազնիվ բարեկամ պ․ Հ․ Խանլարյան,

Ում որ դիմելու Էի Ձեզ համար և գիտեի, որ խնդիրս չի մերժիլ, մի խոշոր գործի պատճառով ստիպված եղա նրան դիմելու, որ և կատարեց ու այսպիսով ետ ընկավ Ձեր գործը1, որ սակայն միշտ մոտ Է իմ սրտին ու միշտ մտքումս։ Շատ քիչ մարդիկ կան, որոնց կարելի Է դիմել, և ես ի նկատի ունեմ դարձյալ մեկին և սպասում եմ նրա Թիֆլիս գալուն։ Հուսով եմ, որ այսպես թե այնպես հաջողելու Է, և ես ոչինչ չեմ խնայիլ հաջողեցնելու, որովհետև Դուք արժանի եք ամեն խրախուսանքի և ամեն աջակցության։

Շնորհակալ եմ Ձեր ցավակցության համար իմ՝ ճշմարիտ որ մեծ վշտի առիթով2։