նամակ չեք գրում—նկարագրում—տեղեկություններ չեք տալիս ձեզանից։ Այժմ հույս ունեմ, որ քեզանից մանրամասն նամակներ կստանամ և շուտ-շուտ։ Մի՞թե չեք կարողանում հասկանալ, թե ինչ բան է նամակը բանտում։ Մի՞թե չեք կարող ամեն օր գրել։ Այժմ շտապում եմ. արդեն նամակներր հավաքում են։ Խնդիրն էն է, որ առավոտները գնում ենք Սենատ, իրիկունները գալիս, երբ արդեն նամակները հավաքում են։ Խնդիր տվի ես, որ թույլ տան քեզ հետ հայերեն գրագրություն ունենալու, և թույլ տվին հենց էսօր։ էն ինչ կարմիր շորի մասին էիր գրել Արտիկի նամակում—չհասկացա1։ Առողջությունդ ինչպես է —արդյոք բժշկվեցի՞ր, թե չէ։ Երեխաներն ինչպես են—ամեն մեկի մասին գրեցեք։ Թող իրենք հերթով երկար գրեն։ Ի՞նչ են անում տանըցիք, մեր մոտ բարեկամները. ի՞նչ խաբար գյուղից, ո՞նց են, ո՞վ է գալիս, ո՞վ է գնում։ Դատը երևի կտևի դեռ դարձյալ ամիս ու կես։ Ասում են ուզում ես գաս։ Եթե կարողանաս գալ էլ, մի ամսից հետո արի։ Նյութականդ ինչպես է, կարողանո՞ւմ ես ծերը-ծերին հասցնես, թե չէ։ Մի քիչ էլ սպասիր, տեսնենք—կվերջանա։
էսպես է աշխարհքի բանը — լավությունն էլ է պատժվում— էն էլ ավելի շատ։ Բան չկա. ամեն բանին վերջ կա, իսկ արդարությունը և անմեղությունը միշտ հաղթանակել են աշխարհքում ու պիտի հաղթանակեն․ և ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում։ Դուք էլ հանգիստ կացեք։ Ջերմաջերմ համբուրում եմ ամենքիդ և ամեն օր սպասում եմ նամակների։
Համբույրներով՝
115. ՕԼԳԱ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
Պետերբուրգ-Թիֆլիս
Օլյա ջան, զարմանալի մարդիկ եք։ Իսկի չեք իմանում, թե բանտում նամակն ինչ նշանակություն ունի մարդու համար․ ես էլ գրում եմ, գրում, թե շուտ-շուտ գրեցեք, էլ չեք