Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրում։ Համլիկը գրում է, թե փող ուղարկենք՝ կստանա՞ս, թե չէ։ Իհարկե կտան, ստանում ենք։ Բայց փող ունեմ, մի ուղարկեք։ Դուք ծախսեցեք։ Աշխատեցեք առողջ մնալ։ Մեր գործը դեռ մի երկու ամիս էլ կքաշի։ Ես լավ եմ, Գիգան, Աշ֊ խենն ու Մուշեղն էլ լավ են։ Տարօրինակ երազներ եմ տեսնում ու հազար ու մի բաներ եմ մտածում—մանավանդ երեխանց մասին։ Անուշավանին որ տեսնեք ինձանից շատ բարև ու շնորհակալություն արեք իր սրտալի նամակի համար2։ Գրեցեք գյուղից ինչ գիտեք: Մանվելյանի «Գրականության պատմությունը» ղրկեցեք Մուշեղին կամ Գիգային ու Աշխենին — պրոկուրորի միջոցով ինձ կտան3։

Հենց էս րոպեին եմ եկել Սենատից, շտապով գրում եմ նամակը, որովհետև ցերեկն էստեղ չեմ եղել, այժմ էլ հավաքելու ժամանակն է։ Թեյ եմ պատրաստել և կաթն առաջիս է։ Ուզում էի գրել ուղարկել մեր ճաշերի (ով փող է տալի) ցուցակը ձեզ, որ տեսնեք ինչ ենք ուտում։ Օրինակ՝ Կիրակի— 1. Бульон с кулебякой, 2. Кура с рисом.

Երկուշաբթի—1. Борщ. 2. Котлеты телячьи, отбивные с горошком.

Երեքշաբթի–1. Суп перловый. 2. Рагу из баранины, с жареным картофелем и огурцами.

Չորեքշաբթի—1. Щи кислые. 2. Рыба жареная. Եվ այլն։ Եվ էս ճաշն արժե 40 կոպեկ օրական։ Նույնպես և ինչ ուրիշ ուտելիք կուզես, կարող ես փողով ստանալ։ Ես, կարծես, մինչև անգամ առողջացել եմ։ Ամեն տարի էս ժամանակ, եթե չեմ սխալվում, հիվանդանում եմ։ Աշխենն էլ է չաղացել։ էսօր Աշխենն ու Մուշեղը свидание էին եկել մոտս։ Ասին, որ Նվարդը գնացել է Բաթում, իսկ Սևուկն էլ ուզում է երկնքումն ապրի։ Սևուկ ջան, իսկ Սեդիկն ի՞նչ է անում նոր դպրոցում։ Ինչո՞ւ չեն շուտ-շուտ գրում։

Ով է գալիս֊գնում կամ ինձ հիշում—բարևիր։ Գրեցեք,