Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ հեշտ հերքելին։ Բայց այդ մասին հետո։ Առայժմ ասեմ, որ երեկ Պետերբուրգից հեռագիր եկավ, թե решено прекеатить дело: Այդպիսի լուր կար առաջ էլ։ Տեսնենք՝ այս ինչ կնշանակի։ Մի խոսքով մի շատ կարճատես ու անզգույշ քայլ էր, ինչ որ արին։ Գրեցեք, ինչպես է Միքայելը։ Համբույրներ ու բարևներ երեխաներին և Ձեզ։

Ընդմիշտ Ձեր Հուվհաննես։

<Հ․ Գ.> Մերոնք բարևներ են անում։ Անցյալ օրը հաստատ աղբյուրից տեղեկացա, թե փոխարքան ինչպես համոզված է եղել իմ անմեղությանը և ինչ է արել ինձ համար—պատմեմ պիտի զարմանաք, նույնը՝ կինը։

127. ԱՐՄԵՆՈԻՀԻ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ
Դսեղ—Ալեքսանդրապոլ
2 օգոստոսի, 1912, Դսեղ
Սիրելի Արմենուհի,

Ես լավ գիտեմ, թե ինչքան ուրախ ու գոհ եմ լինելու ձեր շրջանում, Ալեքսանդրապոլի ինտելիգենցիայի շրջանում, ուր էնքան լավ բարեկամներ ունեմ, ուր էնքան մարդ ուժեղ է զգում իր հայությունը—սակայն շատ ու շատ ափսոս, որ միանգամայն անկարող եմ կատարելու Ձեր խնդիրն ու իմ ցանկությունը։ Մինչև վերջին օրը հետաձգում էի պատասխանս—գուցե, ասում էի, հաջողի գալս1։

Ցանկանում եմ հաջողությամբ պսակվեն պ. Արմենակի ու բոլոր մասնակցողների սերն ու ջանքերը։

Սրտագին բարևներ ինձանից Անուշին, Սարոյին, Մոսնին, մեր սարերի փերիներին ու բոլոր մասնակցողներին․ իմ սերն ու հարգանքներն ամենքին և, մանավանդ, իմ սիրելի Արմենուհուն։

Միշտ Ձեր բարեկամը՝
Հովհ. Թումանյան