Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/197

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ատելության առհասարակ։ Բայց Քալանթարին թաղելով, ուզում էին էս մարդիկ նրա հետ թաղել և ճշմարտություն, և արդարություն, և խիղճ, և ամոթ։ էսպես էր տպավորությունը, ծանր, շատ ծանր, երբ Դուք վրա հասաք Ձեր հոդվածով, և ընթերցողները շունչ քաշեցին։ Եվ «Բաքվի ձայնը», որ այժմ մեր լավագույն թերթն է, էդ օրերում ձեռքից ձեռք էր անցնում էստեղ։

Հանգուցյալը ընդունակությունների կողմից մի անվիճելի տափակություն էր, իսկ իբրև հ‹ասարակական› գործիչ ու քաղաքացի—անսիրտ ու զուրկ հաճախ, նույնիսկ հասարակ քաղաքացու առաքինություններից, և հանկարծ «սարերի արծիվ», «դարավոր կաղնի», հսկա, վիթխարի տիտան, մի մարդ, որի հովանու տակ շունչ էր քաշում ազգը և այլն, և այլն3։

Ահա թե ինչեր են հնարավոր մեր մեջ։ Սա ազգ չի, ժողովուրդ չի—խալխ է, խաժամուժ, խուժան, որ իր լավ թե վատ ցույցերով երբեք լուրջ գնահատող չի և միայն կարող է շփոթել ու շշկլացնել։

Դրա համար գին չունի իմ աչքում և էն վայնասունը, որ բարձրացրել են Սիմոնի դագաղի շուրջը4։ Մի մարդ, որ Նիցշեի խոսքով ասենք, սրանց5 համար է եղել, բայց սրանց ընկերը չի եղել, այլ սրանցից բարձր — իր ազնվությամբ ու անկեղծությամբ և միշտ համարվել է, նույնիսկ մոտիկ շրջաններում, «անախորժ» մարդ։ Ավելին կիմանայիք, եթե ես խոսեի նրա նամակներից, որ գրում էր մինչև վերջին օրերը6։

Ջերմ բարևներով՝

Ձեր Հ. Թումանյան