Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երևակայիր, եթե իմ սիրտն էլ կոտրի ու ես էլ զզվեմ—ինչ աշխարհք պետք է լինի։

Ավետիս ջան, պետք է իմանաս, որ դատից վերադարձա թե չէ, բարևի հետ առաջս դրին մի քանի հազարի պարտամուրհակ, որ նախորդների հետ միացած—մինչև օրս սաստիկ ճնշում են ինձ։ Չէ՞ որ միայն իմ վկաներն էին ամբողջ գործում, որ իմ հաշվով եկան ու ամսով մնացին Պետերբուրգ։ էստեղ էլ այժմ տրամադրություններն էնքան են փոխվել, որ դժար, գրեթե անկարելի եղավ անել, ինչ որ սիրտս կուզեր, ու մնացի ձեռնաթափ, սրտակտոր։

Հեռվից, իհարկե, լավ չես հասկանալ, Ավոն էլ նույնպես, ոչ թե միայն լավ չէր հասկացել, այլ մինչև անգամ միանգամայն թարս էր հասկացել և ինձ վշտացրեց էնքան անիրավ կերպով, որ եթե պատմեմ, ոչ մի կերպ ներել չես կարող, թեև ես ներում եմ և կներեմ։ Նա ոչ միայն կարծում է, թե ես չեմ ուզում իրեն օգնած լինել, այլև ասում է, ես խանգարել եմ—հասկանո՞ւմ ես, թե չէ, թո՛ւ… ամեն բան ընկնում է մարդու սրտից2։

էլ չեն ասում, թե ինքս ինչ եմ քաշել, և հենց էս րոպեին ինչ կա, ինչ չկա։ Իհարկե, չեմ ասել և չեմ էլ ասելու, և ամենքն էլ էն կարծիքին են, թե ես ապահով ու երջանիկ մարդ եմ։ Եվ թող էդպես էլ կարծեն ու էդպես եմ գոնե սրտով։

Հապա էս աշխարհքի բամբասանքն ու չարախոսությունը ասիլ, որի համար էնքան հարմարություններ են ստեղծել ժամանակներն ու հանգամանքները։ Բայց էս ամենը թողնենք, գանք ձեր գործին։ Վարդգեսն արդեն քեզ գրել է, թե ինչ կա, ինչ չկա ու ինչ խորհուրդ են տալիս3։ Ես էլ գիտենալով, թե ինչքան ես դժվարանալու էդ քայլն անելիս, մի տեղյակ ու ազդեցիկ անձի միջոցով ասի իմանամ, տեսնեմ գուցե մի ուրիշ ճանապարհ կա, մի այլ միջոցի հավանականություն գոնե մոտիկ ապագայում։ Եվ ահա նա էլ հայտնեց, որ չեն նախատեսում ոչ ինքը, ոչ իրենից մեծերը էդ տեսակ միջոց։ Այժմ դու գիտես, ամեն բան առաջդ է ու պարզ։