Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

196. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

Ձաղվեր—Ալեքսանդրապոլ

<1914, հուլիսի երրորդ տասնօրյակ>, Ձաղվեր

Սիրելի Ստեփան,

Նամակդ ստացա1, և որովհետև փոստը շատ է անկարգ ու կասկածելի, մարդու ձեռքով եմ ուղարկում նամակս։

էստեղ էլ ահ ու սարսափ ընկավ, ամառանոցավորների մի մասը հեռացավ երկյուղից, և դեռ էլի գնացողներ կան։ Ահա էս րոպեիս էլ մեր հարևաններն են դարսում իրերը, որ ճանապարհ ընկնեն։ Թե անորոշ դրությունը, թե վտանգի երկյուղը, և տեղի չափազանց խախուտ վիճակն ու մերոնց մենակությունը, իմ գալը դարձնում են միանգամայն անկարելի։ Ամեն օր էստեղ էնպես նոր-նոր տրամադրություններ են ստեղծվում ու էնպես նորություններ են գալիս մեկը մյուսից հուզիչ, որ երբեմն մարդիկ գիշերը չեն կարողանում քնել։ Անտեր տեղն էլ ոչ պոլիցիա կա, ոչ մի ստրաժնիկ։ Բայց ինչ անես, որ լավ տեղ է. մարդ չի ուզում երեխանցը ղրկի էստեղից, հավաքի բերի։

Ես կարծում եմ մեր գրքի2 շտապ տպելը էլ խաղաղ ժամանակի խորհուրդը չունի—և ո՞վ գիտի՝ երբ են մեր դպրոցները բացվելու կամ երբ է ուսումն սկսվելու։ էնպես որ, եթե քո գալն անկարելի է, թեև շատ լավ կլիներ, որ մի քանի օրով գայիր, համ գրելիքդ էստեղ կգրեիր, համ էլ միասին կնայեինք, բայց, ասում եմ, եթե էդ անկարելի է, լավ կլինի ուղարկես, ձեռաց կնայեմ, իմ նկատողությունները կանեմ ու ետ կղրկեմ եկողի հետ։

Գրիր նաև, թե արդյոք ինչ տեղեկություն ունես երկու Լևոնից էր, տիկ. Կատարինեից ու Սրբուհուց էլ3։ Մեր Արտիկը գրում է, թե իրեն էլ են զինվոր տանում, իսկ Մուշեղից ոչ մի տեղեկություն չունենք4։ Մախլաս։