Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ լավ են ու շատ բարով են անում։ Ամենքիդ ջերմագին համբույրներ ու սրտագին բարևներ։

Միշտ Ձեր Հովհ. Թումանյան

<Հ. Գ.> Մտքումս գրել եմ էնպես անեմ, որ մի երկու տարումը բոլոր հայ երեխաներին սովորցնեմ հայոց գետերի, քաղաքների, լեռների, լճերի և այլն—գոնե անուններր։

216. ՓԻԼԻՊՈՍ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ

Թիֆլիս — Մոսկվա

<1915, ապրիլի 19> Թիֆլիս

Սիրելի Ֆիլիպ,

Չեմ կարող ստել և պետք է ասեմ, որ ձեր գնալու ժամանակից ի վեր ծանր դրություն ու տրամադրություն է տիրում մեզանում։ Եվ, ինչպես ասում էին մեր հները, եթե ինձանից հարցանեք, արտաքին ու ներքին հանգամանքների տխուր համերաշխության պատճառով չեմ կարող պարծենալ, թե շատ լավ եմ։

Բայց էս ժամանակին էլ ով է խոսում ներքին հանգամանքներից, երբ որ աչքներիս առաջին աշխարհքներ են շուռ գալիս։ Երեկ էլ նոր հեռագիր ստացանք, թե լայնածավալ կոտորածներ են սկսել Տաճկահայաստանում1։ էն, ինչ որ ամենքս էլ սպասում էինք շարունակ ու ինչի մասին որ սարսափից չէինք էլ խոսում։ Այո՛, էսպես, թուրքը վերջին անգամ լողում է էս դժբախտ ժողովրդի արյան մեջ։

Ես համողված եմ, որ սա վերջին ոճրագործությունը պետք է լինի էս համաշխարհային ճիվաղի, բայց թե մեզ համար էլ սոսկալի հարված կարող է լինել։ Խորհրդակցություն ունեցանք վերերի հետ, հաղորդագրություններ ու կարգադություններ եղան արտակարգ, տեսնենք ինչ դուրս կգա։ Ամեն օր, ամեն օր նիստերի ենք, ջղային, հուզված, հոգնած։ Էսօր էլ