Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/231

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
218. ՏԻԳՐԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ
Թիֆլիս–Բաքու
<1915, մայիսի 28, 29, Թիֆլիս>

Ողջունելով Բաքվի հայ գրասերների ընկերության ծնունդը, Կովկասի հայ գրողների ընկերության վարչությունը խնդրում է Ձեզ՝ նրա ուրախալի զգացմունքների ու բարի ցանկությունների արտահայտիչը լինել։ Կեցցե՛ Բաքվի հայ ինտելիգենցիայի գաղափարային նոր ձեռնարկությունը։

Հայ գրողների ընկերության նախագահ՝
Հովհ. Թումանյան
219. ԸՆՏԱՆԻՔԻՆ
Բայազեդ աղա—Թիֆլիս
<1915, հունիսի 11, Բայազեդ աղա>
Սիրելիք,

Նոր ենք վեր կացել, ամսի 11-ն է, Աբաղայի դաշտումն ենք, Բայազեգ աղա գյուղում, ավելի ճիշտը, կողքին, որովհետև գյուղն ավերած է։ Վաղը կհասնենք Վան։ Իհարկե շատ հետաքրքրական են թե երկիրը, թե ամեն բան, ինչ որ կատարվում է։ Ոչ մի կենդանի գյուղ չկա—իրար կոտորում են ու կոտորել են քուրդ ու հայ։

Բուսական ճոխության մասին մի գաղափար տալու համար ուղարկում եմ կակաչի թերթերից ծրարիս մեջ։ Իսկ թե տեսնեք ինչ մեծության հիրիկներ ու հակինթներ կան, կզարմանաք, վայրենի, իհարկե։

Համբույրներ ամենքիդ
հայրիկից