Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

231. ՀԵՂԻՆԵ ՄԵԼԻՔ-ՀԱՅԿԱԶՅԱՆԻՆ

Թիֆլիս– Բաքու

<1916> մարտի 2, Թիֆլիս

Հեղինե ջան,

Ճշմարիտ որ՝ Էս վերջին մի քանի ամիսը սոսկալի ամիսներ եղան իմ կյանքում։ Առաջ Վան, հետո ամառն՝ Էջմիածին1, նրանից հետո մի եղբորս սպանությունը, ապա մյուսի սպանությունը2, տունը կատարյալ անտեր—միայն շփոթված սգավոր կանայք ու երեխաներ, մյուս եղբայրներս հեռավոր ֆրոնտներում կամ հիվանդանոցներում3, տղերքս դես-դեն ցրված ու վտանգի տակ,4 տանը խմբերով հիվանդ, էն էլ ամիսներով, վերջապես հետն էլ էնպես պատմություններ, որ իսկի գրելու բաներ չեն—մի խոսքով էս վերջին ամիսները գնան ու ետ չգան։

Բայց, Հեղինե ջան, շատ ճիշտ ես նկատել, անպատմելի մի վիշտ է դարձել ինքը մայրս: Սրտիցը գիժ և իրար ետևից էսքան ցավ ու կրակ։ Փոքր եղբորս—օֆիցերի—սպանվելը թաքցրինք, մարմինը Արխավեյից Թիֆլիս բերինք՝ հողին պահ տվինք. գյուղը չտարանք։ Որոշեցինք մորս մահից հետո տաներ: Այժմ տանել, ցույց տալ կամ իմացնել էդ միևնույն է, թե նրան էլ գնդակահար անել, սպանել և կամ խելագարացնել, որ ավելի վատ է։ Բայց նա մի հատկություն ունի, որ նրանից բան թաքցնել չի լինում։ Նախազգացում ասեմ, նախատեսություն, թե պարզատեսություն. իր մոտիկներից որի հետ մի բան պատահի, որտեղ ուզում է լինի, նա արդեն վաղօրոք գիտի։ Երազի ձևով լինի, թե նախազգացումի—գիտի։ Ես էլ զուրկ չեմ էդ ընդունակոլթյունից և վերջին բոլոր մեզ հասած դժբախտությունները ոչ միայն օր առաջ գիտեի, այլև մերոնց ասել էի, թե էսպես բան պետք է պատահի, մինչև անգամ որոշ կարգադրություններ էի արել: Այժմ մայրս էլ հենց սպանելու օրից գիտի, որ Արտաշեսն սպանված է, շարունակ պնդում է, ապացույցներ է պահանջում, որ ցույց տանք, թե կենդանի է, և շատ դժվար է լինում խաբելը։