Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Շատ ցավեցինք Ջեր հիվանդության համար, բայց հավատացած եմ, որ թեթև բան էր ու անցած է արդեն2։

Իմ ընկեր Տեր֊Անդրեասյանն ու ես մեծ հաճույքով հաճախ հիշում էինք Ձեզ Բորժոմի անտառներում։ Նա գնաց արդեն։ Թերևս ես էլ մոտ օրերս Թիֆլիս անցնեմ մի կարևոր գործով3։ Ձեզ կհանդիպեմ—մի քիչ խոսենք։ Մեր Անդրանիկն էլ, իր նամակից էնպես է երևում, պետք է վերադարձած լինի Թիֆլիս4։

Պետք է խոստովանեմ, որ էստեղ նոր եմ զգում, թե ինչքան եմ ջարդված ու հոգնած թե ֆիզիկապես և թե բարոյապես։ Եվ մի՝ ծանր թախիծ ճնշում է սիրտս շարունակ։ Շատ բան է խորտակվել ինձ համար աշխարհքում, և աշխարհքր շատ ցավերով է լցված արդեն։ Շատ բան կա, որ էլ չեմ սիրում, և բաներ էլ կան, որ սիրում եմ, բայց տեսնել չեմ կարող։ Օրինակ, էն օրվանից հետո, որ տեսա մորս՝ սպանված եղբորս դիակի վրա, և մյուս սպանված եղբորս (սպային) էլ թաքցրինք, որ նա չիմանա5, այլևս չեմ կարողանում տեսնել նրան — իմ մորը։

Անցյալ տարի, էս ժամանակ, էջմիածին էի6։ Անկարելի է պատմել, թե ինչ էր էջմիածինը անցյալ տարի էս ժամանակ։ Բայց ամիս ու կես մնացի, զբաղված էի գլխավորապես որբերով, և, հիրավի, էն ժամանակ էլ ես և տեսնում էի, և զգում էի դժբախտության ու թշվառության ահռելիությունը, բայց միայն հեռանալուց հետո, մանավանդ այժմ է, որ չեմ կարողանում էլ նրանց տեսնել, ինչպես և գաղթականներին առհասարակ, բայց մանավանդ նրանց—որբերին։

Տեսնելու համար հսկայական ուժ է հարկավոր, իսկ ես, ինչպես արդեն գրեցի, շատ եմ ջարդված, հոգնած ու տկար։ Իհարկե, կարող էի շատ ուրիշ բաներ էլ գրել, թերևս ավելի խոր ու խոշոր, որ տեսնենք, թե հիրավի, չնայած իմ անսպառ լավատեսությանը և բնավորության զվարթությանը, թախիծը, որ ասում եմ, իրական է ու, ավա՛ղ, մշտական, անանց։