մարդ է, բայց եթե նա քիչ է ազգային բանաստեղծ՝ էդ պակասությունը իրենը չի, տաղանդի պակասությունը չի, այլ հանգամանքների, ինչպես և իմը չի էն առավելությունը, որ ես ավելի եմ ազգային, այլ դարձյալ հանգամանքներինը։
Մի խոսքով, օբյեկտիվ ու հարգալից վերաբերմունքը, կիրթ, գեղարվեստական ճաշակն ու առողջ գրական հասկացողությունը վերջ ի վերջո որոշելու են ամեն մեկի տեղը։
Եվ օրհնյալ են ամենքն իրենց տեղը։
Բայց մի բան ինձ շատ զարմացրեց։ էդ ի՞նչ ոտանավոր է, որ ես ղրկել եմ Գամառ Քաթիպայի արձանի բացմանը։ Իսկի միտս չի։ Շատ է հավանական, որ հիմար բան լինի։ Ինչ որ է, մյուս անգամ եթե ուղարկես, շատ շնորհակալ կլինեմ։ Միայն էնքան եմ հիշում, որ շատ էին զոռ անում, թե պետք է մի բանով շնորհավորես, իսկ թե ես ինչ արի, չեմ հիշոում8։
Շահազիզի հոբելյանին էլ ընկերներս զոռ արին։ Ուզում էի միայն հեռագիր տալ — թե չէ՝ նամակ կամ ոտանավոր գրի։ Ես էլ մի նամակ գրեցի9։ Բայց հոբելյանական անպատասխանատու շնորհավորական շուշխունաները մի կողմ թողած՝ որ Շեքսպիրի ասածի նման, ավելի շատ՝ փայլ ունեն՝ քան ջերմություն, իմ կարծիքը Գամառ Քաթիպայի մասին էն է, ինչ որ իր ժամանակին գրել եմ Վեսելովսկուն10։
Վերջապես։
Վաղր—մյուս օրը Թիֆլիս ենք գնալու։ Գրադարանս շատ եմ կարոտել։ Լավ բան է։ Թեև չեմ կարողանում կարդամ, բայց շարունակ էնպես է թվում, թե էն բոլոր լավ-լավ գրքերը մեծ մարդիկ են, հենց իրենք հեղինակներն են չորս կողմս շարված ու անվերջ զրույց ենք անում11։
Առայժմ ցը։
Տղերանցը շատ ու շատ բարևներ։