Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գտել, այսինքն մարդ եմ գտել։ Չէ որ մարդը՝ գոնե մեզ համար՝ ամենաթանկ բանն Է։

Եվ երբ որ Դուք ու օր. Սասունիկը հեռացաք, ինձ ու աղջիկներիս թվաց, թե հարազատներից կտրվեցինք։

Ձեր գնալու հենց մյուս օրն Էր, կարծեմ, որ իմացանք Վլադիկավկազ պատահած տակնուվրայի մասին և շատ անհանգստացանք։ Փառք աստծու, որ Էլի Էդպես հեշտ Է անցել։ Կարող Էր շատ ավելի մեծ ծավալ առնել։ Եվ, դժբախտաբար, դեռ չեն անցել նույնիսկ ավելի ծանր դեպքերի հնարավորությունները։

Մանավանդ Անդրկովկասի համար, մեր երկրի համար։ Առաջիկա զարհուրելի պատկերները ինձ հանգիստ չեն տալիս ոչ մի օր, ոչ մի ժամ։ Հրաշք պետք Է լինի, որ առանց մեծ աղետների անցկացնենք։

Մեսրոպ եպիսկոպոսը եկավ, մի քանի օր միասին անց կացրինք։

Մի գիշեր Էլ մեր պատշգամբում նստած ժամանակը, նա Էր և ուրիշ մի քանի հյուրեր, ներքևի ձորից հրացան բացվեց, և գնդակը մեր կողքից անցավ, հատկապես Մոսկվայի Արսեն Բուդաղյանի կողքից։ Ո՞վ գիտի ինչ հարբած զինվորի մեկն Էր։ Եվ Էստեղ Էլ հետզհետե շատ Է փչանում ամեն կողմից։

Վլազիկավկազ գալու և Ռազմավիրական ճամփով անցնելու մասին եք գրում։ Դուք գիտեք, տեր Հակոբ, թե ինչքան ես Էլ ուրախ կլինեի Էդ սքանչելի ճամփով անցնելու, քան երկաթուղով, և գիտեք, թե ինչ հաճույքով մի կամ երկու օր կմնայի Ձեր շրջանում։ Անցյալ օրերը նույնը ասել եմ և Գևորգին։ Եվ եթե կարելի եղավ՝ Էդպես Էլ կանեմ։ Բայց մի՞թե Էս օրերում հնարավորություն կա հաստատ մի բան որոշելու։ Ի՞նչ իմանաս մի շաբթից հետո ինչ Է լինելու։ Ինչ Էլ որ ասենք՝ Ձեզ հայտնի առակի նման պետք Է ասենք՝ եթե աստված հաջողի (Էս առակը կարծեմ գիտեք)։

Հիմի՝ եթե աստված հաջողի՝ մեծ ուրախությամբ։

Մի երկու ժամ առաջ Անդրանիկը եկավ մեզ մոտ։ Մեր ընդհանուր սենյակում տեղ որոշեցինք նրա համար, թեև նա վերանդան ավելի հավանեց։