Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/302

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Չեմ իմանում ի՞նչ տասը հազար է, խնդրեմ մի տեղեկություն տաք։

Արդյոք էն մեր ստանալիքի հաշվի՞ցն է, թե էդ էլ ուրիշ բան Է։

Հարգանքով՝ Հովհ. Թումանյան
293. ԳՅՈՒՏ ԱՂԱՆՅԱՆԻՆ
<1918>, նոյեմբերի 3, Թիֆլիս

Իմ թանկագին բարեկամ, սիրելի տեր Գյուտ,

Մեծ կսկիծով կարդացի էսօր լրագրում քեզ և քո ընտանիքին հասած ծանր դժբախտության մասին։ Հիրավի, չափագանց մեծ եղավ քո բաժին վիշտը էս աշխարհքում։ Հավատում եմ, որ քեզ հատուկ ողջամտությամբ պիտի տանես և էս վերջին հարվածը ու հայրորեն ամոքես ընտանիքիդ տառապանքը։

Հիվանդությունից ուժասպառ եղած՝ անկարող եմ տանից դուրս գալու։ Խորասիրտ վշտակցում եմ քեզ և քո լավ ընտանիքին։

Միշտ բարեկամդ՝

Հովհ. Թումանյան

Արժանապատիվ Գյուտ ավագ քահանա Աղանյանին։

294. ՄԱՄԻԿՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ

<1918, նոյեմբերի 11, Թիֆլիս>
Սիրելի Մամիկոն,

Ես դեռ տանից դուրս չեմ գալիս։

Մի հոդված եմ ուղարկում քեզ, քո հրաշալի թարգմանությամբ զետեղելու։ Ոչ ոքի ցույց մի տալ (իհարկե, խմբագրի մասին չի խոսքս)։