Իսկ եթե ինչ պատճառներով ետ ես ղրկելու, այժմ ետ ղրկիր, որ տամ ուրիշ տեղ տպելու։
Բարևներով՝
Թիֆլիս–Թեհրան
Բուլղարացի Գրիգորը, որ Վանի գաղթականության հետ Է եղել, եկավ Թիֆլիս1 և մի զարհուրելի բոթ բերավ մեզ համար, թե իմ որդի Արտավազդը (Արտիկ), որ Վան Էտապնի կոմենդանտ էր — ճամփին, Բեշարից Համադան, իր ընկերների հետ սպանվել է քրդերից2։
Ես և իմ ամբողջ ընտանիքը ուղղակի խորտակված ենք էս դժբախտության ծանրության տակ և ապրում ենք միայն էն թեթև կասկածներով, որ հարուցված են զանազան կողմերից, թե սուտ է։
Ես նամակներ եմ գրել Համադան, ի միջի այլոց նրա մոտիկներից մեկին, գյուղատնտես Սահակ Ստեփանոսյանին, որ այժմ Համադան նահանգապետի այգին է խնամում3։
Արշակ խանն էլ (Գորոյան), որ այժմ էստեղ է, նույնպես իր կողմից միջոցներ է ձեռք առել։ Նույնը խոստացել է և միստր Ջեմսը՝ նամակիս բերողը, որ ամերիկական միսիայի ներկայացուցիչն է։
Աղաչում եմ, Դուք էլ Ձեր կողմից միջոցներ ձեռք առնեք իմանալու, թե ինչ է եղած և տեղեկացնեք միստր Ջեմսի, Արշակ խանի կամ Պարսից հյուպատոսարանի միջոցով։ Իսկ եթե դժբախտությունը պատահած է՝ որդուս դիակը և իր ընկերների, փոխադրել տալ Համադան։ Հեռագրեցեք անմիջապես,