Կարծում եմ այժմ երկաթուղին կարգի կընկնի և առաջիկա տոներին կտեսնվենք, կամ դուք կգաք, կամ ես կգամ։
9Հա՛, մոռացա գրել, որ Արեգը միսիայում պաշտոն կունենա։
Գրվածքներիցս տարան Ամերիկա հրատարակելու10։
Էստեղ թուղթ չի գտնվում միանգամայն, իհարկե, գրքի եմ ասում։
Թեև առանց սրան էլ համոզված եմ, բայց էլի ասում եմ – իմացած եղեք, որ էդ կատարված դեպքերը պատահական չեն, պատմության ուղիղ ընթացքն է, մեր ապագան, ինպես միշտ ասել եմ և դուք էլ գիտեք, կապված է Ռուսաստանի հետ, իսկ Ռուսաստանն ինչքան ազատ — էնքան լավ, թե՛ մեզ համար, թե՛ աշխարհքի։
Հիմի ամեն մի մարդ հանգիստ կքնի իր տանը և կիմանա, որ էլ կոտորածի վտանգ չկա և մի լայն կուլտուրական կյանք կսկսվի։ Թե չէ էն վանդակում — դռանն էլ միշտ մի Կարաբեքիր կանգնած — ներսն էլ էդ տեսակ ապիկարներ ու անբարեխիղճներ — ինչ էինք անելու։
Այժմ միայն մի բան է պետք, որ հանգիստ անցնի ամեն բան և հաշտ ու խաղաղ։
Նամակս շատ կցկտուր դուրս եկավ, որովհետև հանկարծ իմացրին և պետք է շտապ գրեի ու հանձնեի։
Չեմ իմանում ում եք պատահում և ով<քեր> են լինում ձեզ մոտ, ով որ լինեն — բարևեցեք։ Եվ գրեցեք ով կա նոր, ով չկա մեր ծանոթներից ու բարեկամներից։
Հովիկին շատ համբույրներ պապիկից ու ամենքից և ձեզ ամենքիդ։
1920, դեկտեմբերի 18,
Թիֆլիս
Ինչպես տեսնում եք, էս նամակը ութ օր առաջ է գրած ու նույնիսկ ղրկած։ էսօր 25-ն է, ետ են բերել, չեն գնացել։