Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/381

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1921
367. ՆՎԱՐԴ ԹՈԻՄԱՆՅԱՆԻՆ
<1921, հունվար, Թիֆլիս>
Նունիկ ջան,

Ասել էիր կգամ, ես էլ չեկա։ Առավոտը կգամ։ Բժիշկը մոտս է։ Բորժոմը սառը-սառը չխմես, կում-կում խմիր։

Հայրիկ

368. ՍԵՐԳՈ (ԳՐԻԳՈՐԻ) ՕՐՋՈՆԻԿԻՁԵԻՆ

Երևան — Թիֆլիս

1921, մարտի 25, Երևան

Արդեն հինգերորդ օրն է Երևանում եմ։ Ծանոթանալով գործերի դրությանը՝ ես կատարելապես համոզվեցի, որ մեզ մոտ՝ Թիֆլիսում կազմված կարծիքը Հայաստանի դեպքերի բնավորության մասին չի համապատասխանում իրականության։ Շարժումը սկսվել է գյուղացիության մեջ զանագան շրջաններում, տարածվել է մինչև Երևան և իր ետևից քաշել է մտավորականությանը։ Ստեղծվել է հետևյալ վիճակը. զենքերը ձեռքին կանգնած են միմյանց դեմ մի կողմից Հայաստանի բանվորներն ու աշխատավոր գյուղացիությունը, մյուս կողմից՝ կոմունիստների զինված ուժերը, և արյունը հոսում է առանց թշնամության ու փոխադարձ բնաջնջման հիմքի։ Ռազմաճակատում ընկեր կոմունիստները որոշ կերպով ասում էին, որ ամբողջ հեղափոխության ընթացքում Կարմիր բանակը չի իմացել ավելի անիմաստ պատերազմ։ Ուստի ջերմագին խնդրում եմ Ձեր հեղինակավոր միջամտությունը, որպեսզի շուտով վերջ տրվի այս ոչ ոքի համար հարկավոր արյունահեղության։ Կարևոր եմ համարում ավելացնել, որ հեղաշրջումից հետո ձերբակալված բանտարկյալներից և ոչ մեկը և ոչ մի ռազմագերի այստեղ չի գնդակահարված։ Համանման հաղորդագրություն անում եմ և ռազմաճակատի ընկեր կոմունիստներին։ Եթե պահանջվում են լրացուցիչ տեղեկություններ, խնդրում եմ կանչել ինձ ռադիոյի մոտ։

Հովհաննես Թումանյան