Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



369. ԳԵՎՈՐԳ ԱԹԱՐԲԵԿՅԱՆԻՆ

Երևան — Ելենովկա

<1921, մարտի 25, 26, Երևան>
Ընկեր Աթարբեկյան,

Դուք արդեն տեղեկություն կունենաք, թե ինչ անախորժ տպավորություն արավ ինձ առաջնորդող սպիտակ դրոշակը Երևանի ֆրոնտում հավաքված գյուղացիների վրա։ Եվ ես շուտով համոզվեցի, որ էս շարժումը հիրավի առաջ է եկել գյուղերում և գյուղացիների մեջ, որոնց կոմունիստական կարգերն ու կարգադրությունները խորթ են ու անընդունելի։

Մի խոսքով նրա բոլորովին հակառակը, ինչ որ մենք կարծում էինք Թիֆլիսում և Դուք ֆրոնտում՝ թե մի քանի մարդու գործ է և հեշտ վերջանալու գործ։

Ինչպես ամեն տեղի գյուղացիությունը, դեռ էստեղ մի քիչ էլ ավելի, գյուղացիությունը միանգամայն անպատրաստ է ըմբռնելու կոմունիզմի գաղափարը և կիրառումը կյանքի մեջ, և տիրող բնազդը մանր սեփականության բնազդն է։ էդ պատճառով էլ, որովհետև նրա ունեցածին դիպել են էս կամ էն չափով, դրանից առաջ է եկել էս փոթորիկը։ Վերջապես Դուք իբրև գյուղացի, լավ եք ճանաչում մեր գյուղացիությանը և պարզ պետք է լինի Ձեզ համար։

էն երևույթը, որ Կարմիր բանակի առջև գյուղացիք փախչում էին գյուղերից, էստեղ պարզվեց ինձ համար, և չեք կարող երևակայել, թե էդ տրամադրությունը ինչպես է զարգանում գյուղացիության մեջ — դեպի տաճիկները։

Սակավաթիվ կիսագյուղացի բանվորությունը անկազմակերպ է և բնավ չի ներկայացնում էն հասարակական շերտավորումը, որի վրա կարողանային հենվել սովետական ուժերը Հայաստանում։

Ձեզ ավելի զարմացնելու համար ասեմ, բանից դուրս է գալիս, որ ավելի շատ ինտելիգենցիայի մեջ է եղել տրամադրություն սովետական իշխանությունը ընդունելու Հայաստանում,