Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ10.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուրախություն անվանել էն դրությունը, երբ մարդիկ ձեռքները թափ են տալիս կյանքի վրա ու վճռում՝ ինչ կըլի—կըլի։ Քաղաքում խուճապը հանկարծ պատահեց, ոչ ոք չէր իմանում, թե էդ օրը կարող էր պատահել։

Ես ուզում էի Համլիկին պահեմ, որ չգնա3։ Բայց, ասում եմ, էդ օրը (ապրիլի 2-ին) խուճապը հանկարծ պատահեց, շատերը՝ փախան հենց զբոսանքի տեղից, կառավարությունն էլ պաշտոնատեղից, և Համլիկին իսկի չկարողացա տեսնեմ էլ — հենց պաշտոնատեղից գնացել էր կառավարության հետ4։ Տ․ Հովհաննիսյանը, որ մինիստրության առջևն է բնակվում, ասում է, տեսա Համլիկին, որ պորտֆելը ձեռքին ինչ-որ կարգադրություններ էր անում։ Մի օրիորդ էլ ասում է՝ տեսա Քաջազնունուն, Մինախորյանին ու Համլիկին նստած մի կառքում և էսքանը։ Ես էլ տեսա, թե ինչպես նրանց և նրանց հետ փախչող տասնյակ հազարավոր բազմության վրա գնում էին քաղաքի վերևից թռչող թնդանոթային ռումբերը.․․

էդ նույն օրը քիչ մնաց ես ու Հովիկն էլ զոհ էինք գնում մի գնդակի․․․

Բայց առհասարակ քաղաքում ոչ մի զոհ չեղավ։ Անշուշտ ավելի լավ էր լինելու, շատ ու շատ ավելի լավ, եթե իմ միսիան հաջողեր, բայց մեջտեղը հավատ չկար․․․ և շատ զուր։

Բայց, այսուամենայնիվ, լավ արի, որ եկա, երբ ամեն բան իմանաք, կտեսնեք, որ շատ լավ արի, որ եկա։ Շատ կյանքեր են ազատվել, և մարդ զարմանում է, երբ տեսնում է, թե ինչ տեսակ գրություններ կարող են լինել, երբ մարդկանց ինչպես կորուստը—էնպես էլ փրկությունը էնքան հեշտ է լինում։

Չգիտեմ, արդյոք տեղեկություն է հասել Թիֆլիս խեղճ Լևոնի—Լիսիցյանի սպանության մասին, թե չէ։ Չեք կարող երևակայել, թե ինչպես շանթահարեց ինձ նրա սպանության պատմությունը։ Փետրվարի 18-ին, հեղաշրջումի օրը, հրացան է առել, դուրս եկել փողոց (էջմիածնում)։ Հրացան է արձակել մի սասունցու թևը վիրավորել ու փախել մտել