ու թուրք բնակչության մտավորականների և հոգևորականության ներկայացուցիչները։
Խրիմյան Հայրիկի երևալը առաջնորդարանի պատշգամբում ընդունվում է որոտընդոստ ծափահարություններով ու կեցցեներով։ Ցուցարարների այդ ջերմ ընդունելությունից,— պատմում է ականատեսը, — կաթողիկոսը մի պահ մոռանում է իր առողջական վիճակի ծանրությունը, կերպարանափոխվելով՝ շտկում է կորացած մեջքը և հազիվ լսելի ձայնով հայրաբար օրհնում ու բարեմաղթություններ է անում ներկա բազմությանը։
Հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին, հայերի և վրացիների միացյալ ցույցին կրկին մասնակցում է Խրիմյան Հայրիկը։ Ցույցերը մեծ նշանակություն են ունենում միայն այդ օրերի խաղաղության համար։ Կաթողիկոսը Բաքու մեկնել չի կարողանում. նրան փոխարինում են Էջմիածնից ժամանած Հուսիկ եպիսկոպոսը և Մխիթար վարդապետը՝ գեներալ ադյուտանտ իշխան Ամիլախվարիի հետ (Մշ, 1905, № 20—22, Ար, 1905, № 2, Վ. Ահարոնյան, Հովհ. Թումանյան, Մարդը և բանաստեղծը, 1936, Փարիզ, էջ 88—91։
2 Ուշագրավ է շեյթան (սատանա) բառի հիշատակությունը։ Ինչպես վկայում է Լեոն, հռետորը շեյթան ասելով նկատի է ունեցել ցարական Ռուսաստանի կառավարությանը, որը և հրահրել էր ազգամիջյան կոտորածը՝ իր դեմ ծայր առած հեղափոխությունը ճնշելու համար («Անցյալից», էջ 150)։ Ակներև է, որ Թումանյանը ևս նույն նշանակությունն է տալիս բառին։
3 Ճիշտ էր բանաստեղծի նախագուշակումը. չնայած այդ բարեկամական ցույցերին ու հանդեսներին, ազգամիջյան ընդհարումները շարունակվում են անընդհատ ներգրավելով նոր բնակավայրեր (տե՛ս ծանոթագրություն № 5)։
4 Երևանի կոտորածը տեղի է ունեցել փետրվարի 20—21-ը, թեպետ այնպիսի արյունալի բնույթ չի կրել ինչպես Բաքվում, սակայն ժողովրդի անհանգստությունը տևել է բավական երկար (մանրամասնությունները՝ Մշ, 1905, № 30-32):
Հեղինակի ակնարկը, թե «դեռ հուզմունքը չի դադարել շատ տեղերում» վերաբերում է մարտի 4-ին տեղի ունեցած խռովությանը, որի մասին նա տեղյակ էր, թերևս, Ա-դո-ի «Երևանի խռովությունները» հոդվածից (Մշ, 1905, մարտի 9, № 41)։
5 Ի. Ի. Վորոնցով-Դաշկովը փոխարինում է Կովկասի կառավարչապետ Գոլիցինից հետո ժամանակավոր նշանակված գեներալ Մալամային։ Նոր փոխարքան Թիֆլիս է ժամանում 1905 թ. մայիսի 5-ին։
Հիշատակված պետիցիաներից մեկը Վորոնցով-Դաշկովին ներկայացնելու էր փոխարքայության դիվանի հայ-թուրքական խաղաղության այն խորհուրդը, որի մեջ մտնում էին այդ միջոցին Թիֆլիսի քաղաքային խորհրդի անդամ բժիշկ Ալեքսանդր Խատիսյանը, բարեգործական ընկերության